ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և շնորհավորել նրան խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Նախագահները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և մյուս ոլորտներում հարաբերությունների սերտացման հարցը, ինչպես նաև իրենց առաջիկա հանդիպման օրակարգը, ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Հանդիպման օրը հստակեցված չէ, ամենայն հավանականությամբ՝ այն տեղի կունենա մինչև ամառվա վերջ։

Զելենսկու գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նոր իշխանություններն ի վիճակի կլինեն վերականգնել երկրի հեղինակությունը և ավարտին հասցնել կոռուպցիոն գործերի քննությունը, որոնք ազդել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։