ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ

Լուսանկարը՝ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեկ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջը:

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել են Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աբրահամյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ էլ՝ Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկն ընդգծել են Ադրբեջանր և Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը, անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի: