Մոսկվայի դումայի ընտրությունների շուրջ իրավիճակը մնում է լարված։ Ռուսաստանցի մեկնաբանները սա նույնիսկ անվանում են մոսկովյան քաղաքական ճգնաժամ։
Այսօր առավոտյան ոստիկանությունը հերթական անգամ ձերբակալել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին։
«Դուրս էի եկել վազելու և կնոջս համար ծաղիկներ գնելու՝ այսօր նրա ծնունդն է, և հիմա հիմարի պես այստեղ եմ՝ ոստիկանությունում», - ասել է Նավալնին՝ նշելով, որ իրեն ձերբակալել են իր տան մոտ։
Նրան սպառնում է 30 օրվա ազատազրկում՝ ապօրինի ակցիաներին մասնակցելու կոչերի համար։ Ոստիկանությունը ձերբակալել է նաև Նավալնու մոսկովյան շտաբի կոորդինատոր Օլեգ Ստեպանովին։ Ավելին՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական իրավունքի և Ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար։ Թե ովքեր են անցնում այդ գործով՝ Քննչական կոմիտեն դեռ չի հայտնում։
Ավելի վաղ Նավալնին կոչ էր արել հուլիսի 27-ին Մոսկվայում սկսել անժամկետ բողոքի ակցիաներ։ The Insider պարբերականն այսօր գրել է, որ Մոսկվայի կենտրոնում Պուտինի մերձավոր, որպես Պուտինի խոհարար հայտնի գործարար Եվգենի Պրիգոժինը բացել է մի գրասենյակ, որը զբաղվում է Մոսկվայի դումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուների դեմ հակաքարոզչությամբ։ Պարբերականը գրում է, որ Պրիգոժինն իր գործողությունները չի համաձայնեցնում Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի հետ, պարզապես լավություն է անում գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։
Մոսկվայի ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է ուսումնասիրել չգրանցված թեկնածուների բողոքները՝ մասնավորապես, քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովի բողոքը։
Գուդկովին և էլի 56 ընդդիմադիր գործիչներին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ սա հատուկ է արվել։
Շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին, Մոսկվայում անցել էր չգրանցված թեկնածուների աջակիցների բազմամարդ բողոքի ակցիան։ Շուրջ 30 հազար մարդ էր հավաքվել, և սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։
Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկա են հարցի քննարկմանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովում։
Փորձագետները համարում են, որ իշխանությունները, վախեցած մոսկովյան այս ճգնաժամից, կարող են վերանայել իրենց որոշումը և ընդդիմադիրներից գոնե մի քանիսին թույլ կտան մասնակցել ընտրություններին։
Գուդկովը երեկ հայտարարել է, որ անվավեր են ճանաչվել իրական մարդկանց ստորագրություններն այն պատրվակով, թե այդպիսի մարդիկ գոյություն չունեն։ Նա 20-էջանոց բողոք է ներկայացրել Մոսկվայի ընտրական հանձնաժողով։
Էլլա Պամֆիլովան նախօրեին հանդիպել էր ընդդիմադիր չգրանցված թեկնածուների հետ և հայտարարել, թե կուսումնասիրեն անվավեր ճանաչված ստորագրությունները, սակայն, նրա խոսքով, բոլոր թեկնածուներին հնարավոր չէ գրանցել, անկախ նրանից՝ կլինեն բողոքի ակցիաներ, թե՝ ոչ։
Ընդդիմադիրները դժգոհել են Էլլա Պամֆիլովայի հետ հանդիպումից, իսկ Նավալնին, ում թիմակիցներին ևս չեն գրանցել, ասել է, որ հուլիսի 27-ից Մոսկվայում սկսում են անժամկետ բողոքի ակցիաներ։
Ոստիկանությունն արդեն հայտարարել է, թե այդ ակցիաներն անօրինական են լինելու, և քաղաքացիներին կոչ է արել հուլիսի 27-ին դրանց չմասնակցել։
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում կայանալու են նահանգապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ներկայացնող թեկնածուներից շատերն այդ ընտրություններին մասնակցում են որպես ինքնառաջադրված թեկնածուներ՝ կուսակցության ցածր վարկանիշի պատճառով։