Օսիպյան․ Չեմ բացառում, որ իջևանյան անկարգությունների հետևում կազմակերպիչներ կան

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ մեկ շաբաթ առաջ Իջևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևում կազմակերպիչներ կան: Ավելին՝ ոստիկանապետը ընդգծեց, որ իրավապահների տեսադաշտում կոնկրետ անձինք կան:

«Մենք չենք սահմանափակվում կոնկրետ այդ 36 անձանցով, կոնկրետ 36-ը առնչություն են ունեցել տվյալ օրվա հետ կապված, որոնք թույլ են տվել խուլիգանություն և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանության ծառայողներին: Մնացած հայտնաբերելու, կազմակերպիչ և այլն, ինչի չէ, կլիներ այստեղ կազմակերպիչներ, մենք ունենք տեսադաշտում անձինք: Նույնպես չեմ բացառում, որ մարդիկ տարիներ շարունակ հարստացել են ապօրինի ոչնչացնելով անտառը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց օրերս գեներալ-մայորի կոչման արժանացած Օսիպյանը:

Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Երբ ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը, սկսվել էին բախումներ, որոնց հետևանքով տասնյակից ավելի իրավապահներ և երկու քաղաքացիական անձ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության:

Հաջորդ օր՝ անցած հինգշաբթի, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապօրինի ծառահատումներով զբաղվող անձանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու:

Վարչապետը դիմել էր փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին․ - «Ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկը ավելի լայն էր: 36 հոգի պետք ա բերման ենթարկեին: Մյուսները ո՞ւր են»:

«Հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու [ուղղությամբ]: Այդ թվաքանակից 19-նն են բերման ենթարկվել», - արձագանքել էր փոխոստիկանապետը:

Վալերի Օսիպյանն այսօր թարմ տվյալներ ներկայացրեց․ - «Այս պահի դրությամբ մենք ունենք բերման ենթարկված են եղել 29-ը, ձերբակալվել էին 13-ը, և երկու օր առաջ կալանավորվել են 10-ը: Աշխատանքները շարունակական են լինելու: Ինչ վերաբերվում է ապօրինի ծառահատմանը, որ իրականացվել է տարիներ շարունակ, հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս մենք թույլ չենք տալու, որ թե՛ Իջևանում, թե՛ հանրապետության որևէ այլ բնակավայրում և ընդհանրապես Տավուշում չի լինելու նման արատավոր, անթույլատրելի այն, ինչ որ իրականացվել է»:

Այսօր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրյալների թիվը ավելացել է 8-ով՝ հասնելով 21-ի: 10-ը կալանավորված են, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, 8-ի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, մեկ անձ հետախուզվում է։

«Փաստերի ստուգման հարթակ»-ը օրերս անդրադառնալով Սևանի սիգի խնդրին և հիշեցնելով, որ բնապահպանության նախարարի հրամանով 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է՝ գրել էր, որ պահածոյացված սիգ արտադրող «Գալիլիա» ընկերության հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը 2014 թվականից եղել է Հեղուշ Գալստյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ 2018-ի հունիսին Հեղուշ Գալստյանն իր ունեցած բաժնեմասերի 40 տոկոսն օտարել է Անահիտ Մնացականյանին:

Այսօրվա ասուլիսին, երբ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե ոստիկանությունը շարունակաբար աշխատել է ձկնագողության դեմ, հարցրեցինք՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ ոստիկանները պայքարել են ձկան որսի դեմ, սակայն տարիներ շարունակ իրենց ղեկավարի զոքանչը եղել է ձկան բիզնեսի խոշոր ընկերություններից մեկի սեփականատերը:

Վալերի Օսիպյանի պատասխանը․ - «Տարիներ շարունակ ոստիկանությունը նույնպես պայքար է մղել, այսօր նույնպես պայքարում ենք, բայց նույնպես այստեղ միայն ոստիկանությունով չի սահմանափակվում այս պայքարը: Մենք նույնպես պատրաստակամ ենք պայքարել, քանի որ Սևանը նույնպես համարում ենք մեր ազգային հարստությունը»:

Ճշտող հարցին, թե արդյոք շահերի բախում չի տեսնում այն իրավիճակում, երբ տարիներ շարունակ ձկան ապօրինի որսի դեմ պայքարող ոստիկանության պետի զոքանչը սիգ որսացող խոշոր ընկերություններից մեկի սեփականատերն է, Օսիպյանն արձագանքեց․ - «Չեմ կարող ասել: Տեղեկացված չեմ եղել նախկինում է ինչ է եղել, ոնց է եղել»:

Այսօր ոստիկանության ղեկավարությունը ամփոփում էր առաջին կիսամյակը, և ոստիկանության շտաբի պետ, գնդապետ, Արմեն Ղուկասյանը ասաց, որև առաջին վեց ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: