Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը։ Ինչպես և ուրբաթ օրը՝ գործով դատական առաջին նիստին, նախկին նախագահը դատարանի դահլիճում է:
2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:
Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ուրբաթ օրը հետաձգել էր դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար: Դատախազության ներկայացուցիչները այսօր մասնակցում են նիստին:
Երկրորդ նախագահը կալանավորված է հունիսի 25-ից: