Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10 հազար դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց ներքևի հատվածում նշելով՝ «տպագրված է նկարահանման համար»։ Այնուհետև նշված թղթադրամների վրայից գրառումները կտրել և կեղծ թղթադրամներն իրացրել է Երևանում և տարբեր մարզերում, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են լազերային տպիչ սարքերը և 368 հատ դեռևս ոչ վերջնական տեսքի բերված 10 հազար դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք եղել են ԴԱ 90333076 սերիա-համարով։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Միջոցներ են ձեռնարկվում շրջանառության մեջ դրված կեղծ թղթադրամների այլ նմուշներ հայտնաբերելու և իրացման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
ԱԱԾ-ն նաև նշում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն ԴԱ 90333076 սերիայով 10 հազար դրամանոց թղթադրամներ, կարող են զանգահարել 015-56-27-24 հեռախոսահամարով: