«Մարդիկ չեն պատկերացրում ինչ մեծ ծավալների մասին է խոսքը գնում», - նշեց Էրիկ Գրիգորյանը:
Առաջիկա օրերին ուժի մեջ կմտնեն Քրեական ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունները։ Այս ամսվա 10-ին խորհրդարանը միաձայն ընդունել էր դրանք։
Նախարար Գրիգորյանը հույս ունի, որ ապօրինի ծառահատումների պատիժները խստացնող այս փոփոխությունները մարդկանց կստիպեն փոխել վարքագիծը։
Նա ասաց, թե տարիներ շարունակ ապօրինի անտառահատմամբ զբաղվողները շատ հարթ հարմարվել էին իրենց համար սահմանված պատիժներին․ - «Գործող օրենսդրական կարգը ըստ էության բազմաթիվ սողանցքներ է ստեղծում, որպեսզի պարբերաբար հատումները կատարել և չպատժվել»:
Նոր կանոնակարգմամբ, եթե ապօրինի ծառահատման վնասի չափը գերազանցում է հարյուր հազար դրամը, դա ենթակա է քրեական պատասխանատվության՝ մինչև երկու տարի ազատազրկմամբ: Քրեականացվել է նաև ծառահատման համար վարչական տույժ ստանալուց հետո նույնը երկրորդ անգամ կրկնելը:
Նախարար Գրիգորյանն ասում է, որ նախկինում շատ ձեռնտու էր ամեն օր անտառ մտնելն ու ոչ մեծ քանակությամբ փայտ դուրս բերելը, քանի որ տուգանքը շահույթից մեծ գումար չէր կազմում:
Քրեականացվել է նաև խմբակային հատումը։ «Հայաստանի անտառներ» կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանը օրենսդրական խստացումների հետ որևէ հույս չի կապում: Ասում է, թե եղած կարգավորումներն էլ մեղմ չէին, բայց ո՞վ էր հաշվի առնում․ - «Եթե մարդը ի վիճակի չի 200 հազար, օրինակ, տուգանք վճարելու, ուզում ես մի միլիոն, ուզում ես մի միլիարդ գրի էդ տուգանքը, մեկ ա, չի վճարելու, սնանկ ա ճանաչվելու: Իմաստը ո՞րն ա»:
Նախարար Գրիգորյանը որևէ սոցիալական շեշտադրում ընդունելի չի համարում, քանի որ խոսքը գողության մասին է․ - «Ինչո՞ւ ոսկու խանութը չեն կարող թալանել, որովհետև շահույթը շատ ավելի բարձր է, և էկեք կարգավորենք և թույլ տանք, որ անեն, որովհետև երեխաներ են պահում: Նույնը վերաբերում է բոլոր այլ տիպի գողություններին»:
«Քրեական, ռազմական, ոստիկանական ու իշխանական խմբերն են դեռևս 90-ականներից անտառ մտել ու գերիշխանություն հաստատել», - ասում է Էրիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ ապօրինի անտառահատումների համակարգը քանդելու են օրենսդրական խստացումներով, նոր հենակետերով ու տեսչական աշխատանքով․ - «Դա էականորեն կազդի ապօրինի անտառահատումների վրա, և առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք բոլորս դրա ականատեսը կլինենք, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ հրաժարվում վառելափայտը որպես ջեռուցման աղբյուր օգտագործելուց»:
«Փայտի օրինական ծավալները քիչ են, ապօրինի փայտ չի լինելու, եթե շուկայում վառելափայտ հայտնվի, կլինի շատ թանկ», - ասում է նախարարը և տնտեսվարողներին հորդորում փայտով տաքացողներին այլընտրանքներ առաջարկել․ - «Բիզնեսը պետք է մտածի սա որպես տեստի հնարավորություն, որպեսզի առաջարկի այլ վառելիքի տարբերակներ ջեռուցման համար: Դա կլինի բրիկետների տեսքով, դա կլինի այլ տեսքով, բայց սա նոր շուկա է բացվում»:
Նախարարը չի բացառում, որ հիմա էլ փայտի թանկ գինը կամ վառելափայտի բացակայությունը դառնա հերթական սրացման, բողոքի ալիքի պատճառ: