Տարիներ առաջ, երբ մեր մայրաքաղաքում մեկը մյուսի հետևից փակվում էին գրախանութները, շատ դժվար էր պատկերացնել, թե նորից կգան ժամանակներ, երբ գիրքը կրկին փնտրված կլինի և ուրեմն կրկին մեր մայրաքաղաքում ականատեսը կլինենք նոր գրախանութների ստեղծմանը:
Չի կարելի չփաստել, որ վերջին տարիներին այս առումով աշխուժություն է տիրում, որը ապահովում են գործող կամ նորաբաց գրախանութներն ու գրատաները: Դրանց թիվն, իհարկե, մեծ չէ, բայց տեղն ու դերը էական է հատկապես երիտասարդների համար:
Մեկ տարի առաջ Աբովյան 7 հասցեում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջին հարկում, բացվեց «Զանգակ» գրատունը, որն անմիջապես սկսեց գործել նաև իբրև մշակութային կենտրոն, որտեղ ամենատարբեր գրական-մշակութային ծրարգրեր են իրականացվում:
Այսօր երեկոյան մեկնարկում է մի նոր ծրագիր, որը կներկայացնի «Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը․ - «Մեկ տարվա ընթացքում կոնկրետ Աբովյան մասնաճյուղում շատ միջոցառումներ արեցինք: Ուզում էինք, որ «Զանգակը» ոչ թե ուղղակի գրախանութ լինի, այլ նաև լինի մշակութային կենտրոն: Բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ ենք ունեցել, նաև կարևոր նախագիծ ենք ունեցել՝ «Ամսվա հրատարակչությունը»․ ամեն ամիս մի հրատարակչության հետ մի քանի միջոցառումներ ենք կազմակերպել: Դրան զուգահեռ նոր նախագիծ ունենք, կոչվում է «Զանգակում»: Այս նախագծի մեկնարկը այսօր է: Սա միջոցառումների ցանկ է, որի շրջանակներում մենք հանդիպումներ ենք ունենում ոչ միայն գրողների հետ, այլև մշակութային, հասարակական տարբեր գործիչների հետ: Մենք ամեն ամիս ունենալու ենք հանդիպում մեկի հետ: Այսօր Արամ Պաչյանի հետ ենք հանդիպում ունենում: Մեր ընթերցողների համար ստեղծում ենք հնարավորություն հանդիպելու այդ մարդկանց հետ»:
Հարցին, թե արդյոք գրատան գործունեության մեկ տարվա արդյունքներով կարո՞ղ է ասել, որ քայլ առաջ արվել է ընթերցանության, գրքի հետ կապվածության առումով, Օհանյանն արձագանգքեց․ - «Ինձ թվում է, ընթերցողը ոչ թե մեկ քայլ, այլ մի քանի քայլ է առաջ եկել: Այսօրվա ընթերցողին դու չես կարող հրամցնել ուղղակի գիրք․ դու լավ գրականություն պետք է տաս: Ընտրության մեծ հնարավորություն ունեն ընթերցողները ու ավելի շատ պահանջներ ունեն: Ամեն տարի ավելի մեծ են վաճառքի ծավալները»:
Իսկ հարցին, թե ինչ գրականություն է հետաքրքրում այսօրվա ընթերցողին, Աստղիկ Օհանյանը պատասխանեց․ - «Շատ դժվար հարց տվեցիք: Մենք ունենք մի մեծ խումբ, որը կարծես գնալով ավելի մեծանում է, որոնք մասնագիտական գրականություն են հիմնականում կարդում: Ունենք խմբեր, որոնք գեղարվեստական գրականություն այնուամենայնիվ կարդում են: Թարգմանականը ավելի շատ են կարդում, քան հայը, ու ավելի շատ, քան դասականը: Դասականը մի քիչ զիջում է իր տեղը»: