Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատարան է ներկայացել հայաստանյան փորձագետ բժիշկը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, Երևան, 23-ը հուլիսի, 2019թ․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով այսօր դատարան է ներկայացել հայաստանյան փորձագետ բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը։

Ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փորձագետները պետք է մասնակցեն Գրիգորյանի համար նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը:

Դեռ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշել էր՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը։

Փորձագիտական հանձնաժողովին առաջադրվել են մի շարք հարցեր, օրինակ՝ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, հաշվի առնելով գեներալի մոտ առկա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, թե՞ ոչ:

Մանվել Գրիգորյանը այսօր ևս դատարան չի բերվել։ «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:

63-ամյա Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Տե՛ս նաև այստեղ