Հակասական լուրեր են ստացվում Թուրքմենստանի նախագահի մահվան մասին: Թեև դիվանագիտական շրջանակներից շտապում են հերքել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասին բոթը, նրա խորհրդավոր բացակայության շուրջ դրամատիկ ենթադրությունները, սակայն, չեն մարում:
«Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Թուրքմենստանին դեսպանատան աղբյուրը: «Դա բացարձակ սուտ է, մենք հերքում ենք այդ տեղեկությունները», - մասնավորապես հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Թուրքմենստանի 62-ամյա նախագահի մահվան մասին հուլիսի 21-ից մամուլում շրջանառվող խոսակցությունները հերքել են նաև Ղրղըզստանում Թուրքմենստանի դեսպանատանը:
YouTube-ի «Ազատ Թուրքմենստան» ընդդիմադիր ալիքը, վկայակոչելով մայրաքաղաք Աշգաբատում իր թղթակիցներին, հայտնել է, որ երկրի նախագահը հուլիսի 20-ին երիկամների սուր անբավարարության հետևանքով մահացել է:
«Ազատության» թուրքմենական ծառայությունը նույնպես նախագահ Բերդիմուհամեդովի մահվան մասին լուր է ստացել, սակայն լրատվամիջոցին չի հաջողվել ստուգել այն:
Թուրքմենստանի նախագահը վերջին անգամ հանրությանը ներկայացել է հուլիսի 5-ին: Հուլիսի 15-ին նրա մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երկրի առաջնորդն արձակուրդում է․ հաղորդագրությանը կցվել է տեսանյութ, որում նախագահը խաղում է թոռների և կատվի ձագերի հետ:
«Թուրքմենստանի ժամանակագրություն» պարբերականի տվյալներով՝ նախագահի օդանավը հուլիսի 12-ին Գերմանիայում էր: Հաղորդվել է, որ օդանավով Գերմանիա է տեղափոխվել ոչ թե երկրի առաջնորդը, այլ նրա՝ առողջական ծանր վիճակում գտնվող մայրը, իսկ Բերդիմուհամեդովի բացակայությունը պայմանավորված է մոր առողջական խնդիրներով:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին վերագրվող ծանր հիվանդության մասին խոսակցությունները սկիզբ առան ամիսներ առաջ: Դրանք է՛լ ավելի ակտիվացան հատկապես հունիսին, երբ պարբերաբար հանրության աչքից բացակայող Բերդիմուհամեդովի ծննդյան օրվա հանդիսությանը մեծ աղոթք կազմակերպվեց, որի ժամանակ նախարարներն ու հոգևորականները Ալլահից առողջություն էին խնդրում իրենց առաջնորդի համար:
Բերդիմուհամեդովը նախագահ է դարձել 2007 թվականին՝ «Թուրքմենբաշի» Սափարմուրադ Նիյազովի մահից հետո: Բերդիմուհամեդովը նախկին նախագահի բուժող բժիշկն էր․ ի դեպ, նա ներկայանում է նաև որպես երաժիշտ, մարզիկ, գրող՝ տասնյակ գրքերի հեղինակ է, նրա գրածների հիմա վրա ֆիլմեր են նկարահանվում, նրա գրքերից պատառիկներ են տպագրվում և տարածվում երկրի պետական լրատվամիջոցներով:
Նախագահական պաշտոնը ստանձնելուց 9 տարի անց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որոշեց ամրապնդել դիրքերը հետագայի համար՝ նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ, որոնց շնորհիվ հնարավորություն ստացավ հինգ տարվա փոխարեն պաշտոնավարել յոթ տարի, բացի այդ՝ չեղարկվեց նախագահ ընտրվելու համար սահմանված տարիքային շեմը:
Սահմանադրական այս փոփոխություններին զուգահեռ՝ սկիզբ դրվեց Բերդիմուհամեդովի անձի պաշտամունքին․ Թուրքմենստանի առաջնորդին շնորհվեց «Արկադագ»՝ համայն թուրքմենների պաշտպանի տիտղոսը:
Թուրքմենստանը ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլև աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, այստեղ է գտնվում բնական գազի՝ աշխարհի մեծությամբ չորրորդ պաշարը, սակայն, ՄԱԿ-ի տվյալներով, հետխորհրդային այս երկրի բնակչությունը աղքատության շեմին է: Իրավապաշտպան կազմակերպությունները, իրենց հերթին, Բերդիմուհամեդովին մեղադրում են մարդու իրավունքների աննախադեպ կոպիտ ոտնահարումների մեջ: