Վակարչուկ․ Այսօր Ուկրաինայում երկակի ստանդարտներ են

Ուկրաինա - Սվյատոսլավ Վակարչուկը իր «Գոլոս» կուսակցության շտաբում հետևում է էքզիթ փոլի արդյունքներին, Կիև, 21-ը հուլիսի, 2019թ․

Անհրաժեշտ է մի օրենք ընդունել, որը կկարգավորի Ուկրաինայի հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կկարգավորի ուկրաինացի երաժիշտների ելույթները ագրեսոր երկրում: Երկուշաբթի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել «Օկեան Էլզի» ռոք խմբի ղեկավար և, նախնական տվյալներով, Գերագույն ռադայի պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը:

Ըստ նախնական տվյալների՝ Վակարչուկի ղեկավարած «Գոլոս» կուսակցությունը կիրակի օրը Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթահարել է 5-տոկոսանոց շեմը և անցնում է Ռադա:

«Այսօր Ուկրաինայում երկակի ստանդարտներ են: Պետությունը չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվություն շատ բաների համար: Արդար չէ, որ որոշ երաժիշտներ ելույթ չեն ունենում Ռուսաստանում, իսկ ուրիշները համերգներով ակտիվ ելույթներ են ունենում ագրեսոր երկրում», - հայտարարել է Վակարչուկը:

Խնդիրն այն է, որ ուկրաինացի երաժիշտները, դերասանները պահանջված են Ռուսաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալների զգալի մասը ուկրաինական արտադրության են:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացել է Գերագույն ռադայի 115-120 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով, և 121-ը՝ համամասնական ցուցակով: Առաջին անգամ Ուկրաինայի պատմության ընթացքում մեկ քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է ստանում խորհրդարանում և ինքնուրույն կառավարություն կազմելու հնարավորություն:

Երբ դեռ հայտնի չէին ընտրությունների արդյունքները, Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է կոալիցիա ձևավորել Վակարչուկի «Գոլոս» կուսակցության հետ:

Բացի Զելենսկու և Վակարչուկի կուսակցություններից, Ռադա են անցնում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր Վիկտոր Մեդվեդչուկի ղեկավարած «Ընդդիմադիր հարթակ. Հանուն կյանքի» կուսակցությունը, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն»-ը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ն:

Մոսկվան ուշադրությամբ հետևում էր ուկրաինական ընտրություններին: Լրատվական բոլոր ծրագրերն ու թոք շոուները դաշնային հեռուստաընկերությունների եթերում միայն այս թեմային էին նվիրված: Կրեմլը, սակայն, ընտրությունների արդյունքներին դեռ չի արձագանքել: