Ասորակա՞ն, թե՞ հայկական. Դիմիտրով գյուղի բազիլիկը լարվածության պատճառ է դարձել

Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բազիլիկի շուրջ ծավալվող քննարկումները գյուղում ազգամիջյան լարվածության պատճառ են դարձել։ Տևական ժամանակ իրար հարևանությամբ հաշտ ու համերաշխ բնակվող հայերն ու ասորիները ընդհանուր հայտարարի չեն գալիս եկեղեցու պատկանելության շուրջ։

Ասորակա՞ն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, թե՞ հայկական՝ երկու կողմերը տարբեր փաստարկներ ունեն ծագումնաբանության վերաբերյալ։ Ասորիները եկեղեցու ճարտարապետություն են մատնանշում՝ բազիլիկի ասորական լինելը փաստելու համար։

«Առաջին հերթին սյուները ասորական են, խորանը՝ ասորական բոլոր եկեղեցիները էսպես են։ Բացի դրանից, եթե ասորական եկեղեցիները նայեք, դրանից կա Դվինում էլ, դրանից կա Արզնիում էլ», - նշեց ասորիներից մեկը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու հայկական լինելը հայերը եկեղեցու մուտքի հայատառ արձանագրությամբ են հիմնավորում։ Արձանագրության մեջ եկեղեցու հայ շինարարի անունն է փորագրված։

«Հովակիմն է կառուցել, մեր գյուղացիներ են, Հովակիմի թոռներն էլ, աղջիկներն էլ ստեղ են», - ասաց հայերից մեկը։

Բազիլիկի բանալին հիմա հայերի մոտ է, սակայն տարիներ առաջ այն ասորիների մոտ էր, վստահեցնում են ասորիները։ Իսկ թե ինչպե՞ս հայերի մոտ հայտնվեց բանալին, գյուղի բնակիչներից մեկն այսպես է մեկնաբանում. «Չհասած Արտաշատ Մրգավան գյուղ կա, մի հատ քահանա ասեց՝ «բանալիները տվեք, գիտե՞ք, որ այնտեղ հայկական տառերն են գրված», ասում եմ՝ դա ի՞նչ կապ ունի՝ հայկական տառեր են գրած, շինարարը հայ է եղել, բայց ստեղ ասորիներ են սարքել»։

Գյուղում երկու եկեղեցի կա և մեկ մատուռ։ Գյուղի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կասկածի տակ չի դնում գյուղի մյուս բազիլիկի պատկանելությունը։ Ասում է՝ դա ասորական է, իսկ Սուրբ Աստվածածինը հայկական է։ Իր ասածը հիմնավորելու համար այսօր ազգային արխիվ էր հասել, եկեղեցու ծխամատյաններն ուսումնասիրել։

Դիմիտրով գյուղի առաքելական հովիվը եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկն ասում է՝ հայկական պատարագից հետո է առաջացել։ Մինչ այդ, եկեղեցին չի գործել։

«Ես այս տարվա Մեծ պահքի ժամանակ ուխտ արեցի, որ պատարագ պիտի մատուցեմ այն եկեղեցիներում կամ մատուռներում, որ երբևէ պատարագ չի մատուցվել», - նշեց Միքայել քահանան։

Եկեղեցու կառուցման վերաբերյալ, սակայն, արխիվում դեռ հիշատակություններ չեն գտել։
Ասորական «Խայադտա» հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Սագրադովա-Գասպարյանն էլ գյուղի վերաբերյալ ասորական ամենահին փաստաթուղթն է մատնացույց անում, որտեղ հիշատակում կա Աստվածածին եկեղեցու վերաբերյալ։

Եկեղեցու ներսում ու դրսում հայերի ու ասորիների միջև առաջացած լարվածությունը գյուղի գյուղապետն էր եկել հանդարտեցնելու։ Գյուղացիները բողոքում էին, թե գյուղապետն իրենց ճնշել է, որ չբարձրաձայնեն եկեղեցու ասորական լինելու մասին։

Հայկական ու ասորական ծագումով գյուղապետ Արման Իոնանովը հերքեց՝ ինքը չի ճնշել գյուղացիներին, հետո էլ նյարդայնացած մեր նկարահանող խմբի կողմն եկավ՝ փորձելով խոչընդոտել մեր աշխատանքերն ու սպառանալիքներ հնչեցնել: