Օրերս «Իմ քայլը» հիմնադրամը հուշագիր ստորագրեց մեր լավագույն երաժշտական հաստատությունների ղեկավարների հետ: Հուշագրի ստորագրմանը ներկա էր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
«Ազատության» հետ հարցազրույցում փոխնախարարն անդրադարձավ մշակույթի ոլորոտւմ տարիներ շարունակ կուտակված խնդիրների ակնկալվող լուծումներին․ - «Ցավոք սրտի, ժամանակի առաջընթացի հետ պետական կառույցների կառավարման մեխանիզմները մնում են շատ հնացած, չգործող: «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ հենց նպատակ է դրված Մշակույթի նախարարության ենթակայությամ գործող պետական կառույցների հետ մշակելու կառավարման նորոգված մոդել, որը բարձրացնելու է և՛ այդ կառույցների հանրային ճանաչելիությունը, և՛ դրանց գործունեության արդյունավետությունը, ներկայանալիությունը: Եթե մենք չկարողանանք կիրառել ժամանակակից մեխանիզմները՝ վարկանիշը մեր պետական կառույցների բարձրացնելու, կառավարման համակարգը ավելի ճկուն դարձնելու և ֆինանսական կախվածությունը պետական բյուջեից նվազեցնելու, մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու»:
«Ես առհասարակ կարծում եմ, որ մենք շատ լուրջ վերլուծության կարիք ունենք մեր պետական ստեղծագործական կառույցների գործունեության գնահատման տեսակետից: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ կառույցներ ունենք, որոնք մենք շարունակաբար սուբսիդավորում ենք, բայց շատ կասկածելի է այդ կառույցների արդյունավետությունը թե՛ երկրի ներսում, թե՛ առավել ևս երկրի սահմաններից դուրս: Միևնույն ժամանակ ունենք փայլուն ստեղծագործական խմբեր, որ աշխարհի ցանկացած հարթակում կարող են մեր երկիրը լավագույնս ներկայացնել, և մեր ռեսուրսները, պետական միջոցները չեն բավարարում, որովհետև ամենաօբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ձևավորված, բայց սխալ վիճակն այն է, որ նախարարությունը տարիներ շարունակ ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական պատասխանատվություն: Մենք հասկանում ենք, որ ՊՈԱԿ֊ներում տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են աշխատում, և կտրուկ օպտիմալացումը կարող է սոցիալական դժգոհության լուրջ ալիք բարձրացնել: Բայց միևնույն ժամանակ չենք կարող տասնամյակներ շարունակ տանել այդ բեռը և նվազեցնել իսկապես աշխատող, իսկապես պրոֆեսիոնալ, իսկապես հետաքրքիր կոլեկտիվների լիարժեք գործունեությունը»:
Ստեղծված իրավիճակից ելքը, փոխնախարարը տեսնում է պետական աջակցությունն աստիճանաբար պրոֆեսիոնալ գործունեությանն ուղղելու մեջ․ - «Աստիճանաբար մասնագիտացնել բնագավառը, աստիճանաբար դրամաշնորհները և սուբսիդիաները տրամադրել այն կառույցներին, որոնց արդյունավետությունը ստուգված է, որոնց արդյունավետությունը կասկածից վեր է»:
Հարցին, թե արդյոք ասվածը նշանակում է, որ որոշ թատրոններ, խմբեր կարող են զրկվել պետական ֆինանսավորումից, Խզմալյանն արձագանքեց․ - «Ես չեմ ցանկանում էսպես ժամանակների ավարտի կոնտեքստով ներկայացնել փոփոխությունների հետևանքները, որովհետև երբ մենք խոսում ենք օպտիմալացման մասին, չենք խոսում տոտալ կրճատումների մասին: Պետք է լուրջ մասնագիտական վերլուծություն, և քայլերի ճշգրիտ հաջորդականություն: Սա մի օրվա որոշման խնդիր չէ, և հապճեպ որոշման խնդիր չէ»:
«Եթե մենք օրենսդրական բարեփոխումներ չնախաձեռնեք, եթե մեկենասության ինստիտուտը և բարեգործության ինստիտուտը չկայացնենք, եթե մշակույթին աջակցող մարդկանց շուրջ չունենանք տեղեկատվական քաղաքականություն, ռեֆորմները կարող են շատ ցավալի լինել: Բայց եթե ռեֆորմներին զուգահեռ մենք ապահովում ենք նաև այն աղբյուրները, որից կարող են տաղանդավոր, ստեղծագործական միտք ունեցող մարդիկ, կարծում եմ, ամեն ինչ շատ ավելի անցավ կարող է լինել», - եզրափակեց Արա Խզմալյանը: