Զելենսկու գլխավորած քաղաքական ուժը հնարավորություն ստացավ ինքնուրույն կառավարություն ձևավորել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած քաղաքական ուժը հնարավորություն է ստացել ինքնուրույն ձևավորելու կառավարություն՝ առանց մյուս քաղաքական ուժերի օգնության:

Նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է իններորդ գումարման Գերագույն ռադայի 115-120 մանդատ՝ մեծամասնական ընտրակարգով, ևս 121-ը՝ համամասնական ցուցակով: Այսպիսով առաջին անգամ Ուկրաինայի պատմության ընթացքում մեկ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն է ստանում խորհրդարանում և հնարավորություն` ինքնուրույն կառավարություն կազմելու:

Զելենսկու նախաձեռնած խորհրդարանական արտահերթ ընտրություններում օրենսդիր մարմնի 424 տեղերի համար պայքարում էր 6000 թեկնածու: Խորհրդարան է անցնում հինգ կուսակցություն:

Ձայների հաշվարկի նախնական արդյունքներով «Ժողովրդ ծառան» ստացել է քվեների 42 տոկոսը, երկրորդ տեղում Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ, գործարար և, որոշ տեղեկությունների համաձայն, ուկրաինական իշխանությունների և Կրեմլի միջև ստվերային բանագնացի դեր կատարող Վիկտոր Մեդվեդչուկի գլխավորած «Հանուն կյանքի» ընդդիմադիր ուժն է՝ 12.6 տոկոս քվեներով:

Գերագույն ռադա անցնելու համար նախատեսված Նվազագույն շեմը հաղթահարել են ևս երեք կուսակցություն՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի գլխավորած «Եվրոպական համերաշխությունը»՝ 8,6 տոկոս, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առաջնորդած «Բատկիվշինան»՝ 8.3 տոկոս և «Օկեան էլզի» աշխարհահռչակ խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի հիմնադրած «Գոլոս» քաղաքական միավորումը՝ 6,35 տոկոս քվեներով:

խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը, ինչպես և ակնկալվում էր՝ ամառային արձակուրդների պատճառով ցածր էր՝ շուրջ 50 տոկոս: Նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի ժամանակ այն կազմում էր համապատասխանաբար 63 և 62 տոկոս:

Այսպիսով՝ ուկրաինացիները հրաժարվում են նախկին քաղաքական համակարգից՝ նախապատվությունը տալով նոր, ոչ հայտնի դեմքերին:

Նաև խորհրդարանում վստահության մեծ քվե ստացած Զելենսկին ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այնպես էլ հիմա խոստանում է վերացնել երկրում կոռուպցիան, խաղաղ ճանապարհով հասնել երկրի արևելքում ռուսամետ անջատականների հետ զինված հակամարտության կարգավորմանը և շարունակել եվրաինտեգրման կուրսը:

«Սա ոչ միայն հսկայական վստահություն է, սա նաև հսկայական պատասխանատվություն է անձամբ ինձ և մեր թիմի համար: Մենք հուսախաբ չենք անի ուկրաինացիներին, դուք գիտեք մեր առաջնահերթությունները, կներեք՝ պիտի կրկնեմ՝ դրանք նույնն են, ինչպես ցանկացած ուկրաինացու համար՝ ավարտին հասցնել պատերազմը, ազատել մեր գերիներին և հաղթահարել կոռուպցիան», - երեկ քվեարկության առաջին հաղթական արդյունքները ստանալուց հետո հայտարարում էր Ուկրաինայի նախագահը:

Զելենսկու գլխավորած քաղաքական ուժը քարոզարշավի ընթացքում հայտարարում էր 50-100 առաջնահերթ օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնց թվում է պատգամավորական անձեռնմխելիության չեղարկումը:

Հիշեցնենք, Ուկրաինան կիսախորհրդարանական-կիսանախագահական կառավարման համակարգ ունի, ինչը նշանակում է, որ երկրի նախագահը պատասխանատու է արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության և պաշտպանության համար: Երկրի ներքին քաղաքականության՝ տնտեսության, ֆինանսների և սոցիալական ոլորտների համար որոշիչ լծակները կառավարության ձեռքում են՝ վարչապետի գլխավորությամբ: Իսկ նախարարների կաբինետի ձևավորման լծակները խորհրդարանում են:

Իններորդ գումարման Գերագույն ռադայի ընտրությունները նախատեսված էին այս տարվա աշնանը. նորընտիր նախագահ Վլադմիր Զելենսկին, սակայն, հենց երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց խորհրդարանը ցրելու և նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ պնդելով, թե գործող օրենսդիր մարմինը չի վայելում ուկրաինացիների վստահությունը: