Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գերազանց են, այսօր նման հայտարարություն արեց Երևանում իր քառամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Թույլ տվեք կրկնել այն, ինչ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասաց Երևանում․ մեր գնահատականն է՝ ներկայում Հայաստանի հետ ունենք գերազանց հարաբերություններ: Բոլոր այն գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնում՝ գնահատելու հարաբերությունների մակարդակը, թույլ են տալիս խոսել նման հարաբերությունների մասին: Նախևառաջ, մենք ունենք շատ ինտենսիվ ու բարեկամական քաղաքական երկխոսություն՝ բարձրագույն մակարդակից սկսած: Խոսեցի նախագահ Տուսկի հայաստանյան այցելության մասին, որը շատ կարևոր իրադարաձություն էր: Վարչապետ Փաշինյանն այցելել է Բրյուսել, Հայաստանի արտգործնախարարն ու Եվրամիության պաշտոնյաները մի քանի հանդիպումներ են ունեցել, տարբեր մակարդակների համար նախատեսված տեխնիկական առաքելություններ են այցելել Հայաստան և, ի վերջո, Բրյուսելում բազմաթիվ երկխոսություններ են կայացել», - նշեց Սվիտալսկին:
Սվիտալսկին շարունակեց՝ Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը իրականացման փուլում է:
«Մենք էականորեն մեծացրել ենք Հայաստանի զարգացման համար նախատեսված ֆինանսական աջակցությունը: Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ստացել է 25 միլիոն եվրո, այսպես կոչված, հովանավոր ֆոնդի շրջանակում, և այդ ֆոնդը հայեցողական ֆոնդ է, որը նախատեսված է բացառապես բարեփոխումների իրականացման համար: Հայաստանը կարող է հպարտանալ, որ իր՝ հովանավոր ֆոնդի չափն ավելի մեծ է, քան Վրաստանի դեպքում: Սա նշանակություն ունի: Հովանավոր ֆոնդի չափը նշանակում է վերջին շրջանում Հայաստանի իրականացրած բարեփոխումների ճանաչում: Մասնավորապես, խոսքը գնում է անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Սակայն միայն այդ մասին չէ խոսքը: Եթե այս ամենը միասին դիտարկենք, կարող ենք ասել, որ Եվրոպական Միության ու Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ուղու վրա է», - ընդգծեց Եվրամիության պատվիրակության ղեկավարը:
Պյոտր Սվիտալսկին հայտարարեց՝ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել հայաստանյան դատական բարեփոխումներին, սակայն ամենևին մտադիր չէ Երևանին պարտադրել իր օրակարգը կամ թե ինչ եղանակով բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում:
«Եվրամիությունն ընդգծել է, որ պատրաստակամ է ամուր աջակցություն ցուցաբերել Հայաստանին դատական բարեփոխումների գործում: Այս աջակցության մասին փոխանցել ենք մեր հայաստանցի գործընկերներին՝ սկսած ամենաբարձր մակարդակից: Հիշատակեցինք նախագահ Տուսկի՝ հայաստանյան այցի մասին, հիշում եք՝ ինչ ասաց նա Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ինչը արտահայտում էր Հայաստանի վարչապետի նախագահի հետ ունեցած երկխոսությունը: Եվրամիությունը վճռական է՝ աջակցել հայաստանյան կողմի քայլերին՝ բարեփոխելու դատական համակարգը և ստեղծելու իրապես անկախ, մաքուր և արդյունավետ դատական համակարգ: Պատրաստակամ ենք ցուցաբերել քաղաքական, տեխնիկական ու ֆինանսական աջակցություն». – ասաց Սվիտալսկին:
Դեսպանը ընդգծեց՝ Բրյուսելը պատրաստակամ է նշանակալից ֆինանսական աջակցություն ցուցաբերել դատական բարեփոխումների գործում՝ անհապաղ աջակցություն, որը պատրաստ կլինի արդեն այս աշնանը, և բազմամիլիոն աջակցություն՝ գալիք 3-4 տարիների համար:
Ըստ Սվիտալսկու, եթե նախորդ տարիներին Եվրամիությունը՝ միայն երկկողմ ծրագրերի միջոցով տարեկան Հայաստանին ցուցաբերում էր միջինը 35 միլիոն եվրոյի աջակցություն, ապա այս տարի այդ թիվը կրկնապատկվել է ու դարձել 70 միլիոն եվրո: