Հայրենադարձության հրաշքը մե՛նք պետք է առաջ բերենք. Զարեհ Սինանյան

«Հայրենադարձությունը մեր պետության կայացման և ամրապնդման անբաժանելի մասն է, առանց դրա չի լինելու», - Մոսկվայում «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Դա, Գլենդեյլի նախկին քաղաքապետի համոզմամբ, կստացվի․ - «Հրաշքը մե՛նք պետք է առաջ բերենք»:

Ստորև՝ հատվածներ հարցազրույցից․

«Ազատություն»․ - Եթե մատնանշելու լինեք հինգ առաջին կետը, որը պետք է Ձեր գրասենյակը առաջիկա մի քանի ամիսներին կատարի կամ սկսի, որո՞նք են:

Զարեհ Սինանյան․ - Առաջինը, ու սրանք, էսպես ասեմ, առաջինի ու հինգերորդի միջև ժամանակային իմաստով տարբերություն չկա, շատերը զուգահեռ են իրար հետ, առաջինը դա մեր գրասենյակի վերջնական կազմավորումն է:

«Ազատություն»․ - Ի՞նչ տեսք է այն ունենալու:

Սինանյան․ - Այն լինելու է կազմված 50 հոգուց:

«Ազատություն»․ - Այսինքն՝ նախարարություն, բայց ուրիշ անվանումով:

Սինանյան․ - Նախարարությունը շատ ավելի մեծ էր՝ 90 հոգուց էր բաղկացած: 50 հոգուց. երկար ուսումնասիրելուց հետո մենք եկել ենք այն եզրակացության, որ 50 հոգով մենք կարող ենք լուրջ աշխատանք տանել, իրոք աշխարհով մեկ, մեր Սփյուռքը շատ մեծ է, շատ աշխատանք կա: Ակնկալել, որ 10-15 հոգով կարելի է այս 6-ից 7 միլիոնանոց Սփյուռքը քարտեզագրել, իրենց հետ աշխատել, իրենց կարիքները հոգալ և այդ ամենը անել ժամանակի իմաստով պատասխանատու ձևով՝ դա իրատեսական չի:

«Ազատություն»․ - Ե՞րբ պատրաստ կլինի այդ գրասենյակը, կազմված կլինի արդեն:

Սինանյան․ - Իմ նպատակն է, որ այն լիովին կազմված լինի վեց ամսվա ժամկետում: Կսկսենք այդ քարտեզագրման հիմքի վրա քաղաքականություն մշակել, այսինքն՝ վերլուծենք այդ քարտեզագրման արդյունքում առաջ եկած արդյունքները և վերլուծության վրա սկսենք նաև կազմել քաղաքականություն Սփյուռքի նկատմամբ կամ սփյուռքերի նկատմամբ, որովհետև այդ քաղաքականությունը լինելու է իրականում մի քանի, բազմաթիվ քաղաքականություններ․․․

<...>

«Ազատություն»․ - Եվ հինգերորդ կետը՞:

Սինանյան․ - Եվ հինգերորդ կետն էլ՝ մենք պետք է Հայաստանի տնտեսական միջավայրի առողջացման աշխատանք տանենք նաև: Որովհետև եթե մենք մարդկանց ասում ենք՝ գիտե՞ք, եկեք ապրեք, գիտե՞ք, եկեք ներդրում արեք, համապատասխան պայմաններ պետք է լինեն:

«Ազատություն»․ - Ստացվում է, որ մենք կես տարուց կարող է ունենանք Սփյուռքի հարցերով գրասենյակի ինչ-որ լուջ ռազմավարություն արդեն պատրաստած:

Սինանյան․ - Իհարկե, դա մեր նպատակն է, այո: Ասեմ, որ ակնկալիքները, գիտեմ, շատ են, աշխատանքը շատ ավելի շատ է, բայց պետք է սկսենք աշխատել:

«Ազատություն»․ - Ո՞րն էր Հայաստանի իշխանությունների հիմնական սխալը Սփյուռքի հետ աշխատանքի առումով, ինչո՞ւ չկարողացան իսկապես լուրջ հոսք ստեղծել դեպի Հայաստան անկախությունից հետո:

Սինանյան․ - Իրենց ամենամեծ սխալը նա էր, որ իրենք իրենց առջև նույնիսկ նման նպատակ չէին էլ դրել: Ես մի վայրկյան չեմ հավատում, որ ետանկախ այդ փուլում, այսինքն՝ 91 թվականից մինչև այսօր, մինչև հեղափոխությունը, Հայաստանի կառավարությունը լուրջ իր առջև նպատակ է դրել մեծ հայրենադարձություն սկսելու: Չի եղել նման ծրագիր, իրենք չեն դրել նման ծրագիր, հետևաբար այդ ծրագիրը չի իրագործվել:

Գիտե՞ք, մի աքսիոմատիկ ճշմարտություն կա․ որևէ պետություն, եթե այն իրոք պետություն է, իր առջև երբ որ նպատակներ է դնում, որևէ խոչընդոտ չի կարող խանգարել պետությանը, կամ այդ պետությունը պետություն չի:

Ամեն ինչի համար ռեսուրս եղել է՝ հարստանալու համար, թալանի համար, բայց պետական ծրագրերի համար, արի ու տես, որ ֆինանսներ չեն եղել: Չէ, եթե իրենք ուզեին, ապա ինչ-որ բան կարվեր, հաջողություն էլ կլիներ: Չեն արել:

«Ազատություն»․ - Այսինքն, հեղափոխական իշխանությունների մոտ, Ձեր կարծիքով, կստացվի:

Սինանյան․ - Հեղափոխական իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առջև նպատակ է դրել, այո, հայրենադարձության, պետականաշինության: Հայրենադարձությունը մեր պետության կայացման և ամրապնդման անբաժանելի մասն է, առանց դրա չի լինելու:

«Ազատություն»․ - Եվ կհաջողվի:

Սինանյան․ - Անպայման: Հրաշքը մե՛նք պետք է առաջ բերենք: Եվ դա ես չեմ էլ ուզում որպես հրաշք մեկնաբանել, որովհետև հրաշքը, գիտե՞ք, մի տեսակ, մենք դա ցանկանում ենք, որ տեղի ունենա, բայց այն տեղի է ունենում մեր կամքից անկախ: Չէ, սա պետք է լինի մեր կամքից կախված, մե՛նք պետք է թելադրենք:

«Ազատություն»․ - Մե՛ր ստեղծած հրաշքը:

Սինանյան․ - Մե՛ր ստեղծած հրաշքը պետք է լինի, և միշտ այս թեման բացելուց՝ ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, հայրենադարձություն, ռեպատրիացիա, այս թեմաները բացելուց միշտ Իսրայելի անունն եմ տալիս, որովհետև դա անխուսափելի է․ այսինքն՝ Իսրայելը այն պետությունն է, որը անցել է այս ճանապարհը և․․․

«Ազատություն»․ - Բայց մեծ գին է վճարել՝ պետություն ունենալու, վերադարձի համար մեծ գին է վճարել:

Սինանյան․ - Մեծ գին է վճարել, որ մենք պետք է վճարենք նաև, դա անխուսափելի է: Մենք պետք է մեծ ռեսուրսներ հատկացնենք դրան, մենք պետք է պետականորեն պատրաստվենք դրան, և միայն նոր կարող ենք այդ հրաշքը առաջ բերել:

«Ազատություն»․ - Մեկուկես ամիս Երևանում աշխատելուց հետո, ի՞նչ եք կարծում, մենք ճի՞շտ ժողովրդավարական երկիր ենք կառուցում:

Սինանյան․ - Մենք այսօր բռնել ենք ճիշտ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհը:

«Ազատություն»․ - Իսկ ժողովրդավարական Հայաստանը կկարողանա՞ ունենալ, պահպանել բարեկամական հարաբերություններ ոչ ժողովրդավարական Ռուսաստանի հետ, Ձեր կարծիքով, Իսրայելի օրինակը կօգնի՞:

Սինանյան․ - Այո: Ինչպես Դուք ինքներդ ասեցիք՝ կան շատ և շատ պետություններ, որոնք, արի ու տես, ունենալով տարբեր քաղաքական համակարգեր, կարողանում են շատ լավ հարաբերություններ ունենալ իրար հետ: Ռուսաստանի հանրապետությունը սուվերեն երկիր է, իրենք կբռնեն այն ուղին, որ իրենք են ճիշտ գտնում, մենք իրենց դաշնակից պետություն ենք, մենք իրենց բռնած ուղու հետ շատ գործ չունենք, իրենք մնալու են մեր դաշնակիցները, և մենք համագործակցելու ենք իրենց հետ:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․