Երևանում կարող է 300 միլիոն դոլար արժողությամբ նոր մարզադաշտ կառուցվել

Հայաստանում նոր ազգային մարզադաշտ կառուցելու համար ստացվել է մինչև 300 միլիոն դոլարի ներդրումային առաջարկ՝ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության կողմից, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Նրա խոսքով՝ գումարի վերջնական չափը կախված կլինի մի շարք հանգամանքներից, մասնավորապես, թե իր մեջ ինչ կներառի մարզադաշտի նախագիծը: Փոխնախարարն «Ազատությանը» հայտնեց՝ տարբեր ձևաչափերի շուրջ քննարկումներ են ունեցել, արդյունքում գտել են ամենաընդունելի տարբերակը: - «Մարզադաշտը կլինի ոչ միայն ֆուտբոլի համար նախատեսված, այլև կունենա ադմինիստրատիվ գոտիներ, կունենա առևտրային գոտիներ, հարակից այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Էս պրոեկտն ամբողջությամբ էդքան կարժենա, միայն մարզադաշտը ավելի փոքր արժեք կունենա», - նշեց Լոռեցյանը:

Համեմատության համար նշենք, որ 2011-ին իտալական Թուրինում բացված «Յուվենտուսի» Allianz Stadium-ն արժեցել է շուրջ 155 միլիոն եվրո, իսպանական «Վալենսիայի» Nou Mestalla-ն՝ 250-300 միլիոն եվրո, Հռոմի «Ռոմայի» Stadio della Roma-ն որի բացումը նախատեսված է հաջորդ տարի, 2014-ին գնահատվել է 300 միլիոն եվրո, իսկ անգլիական «Տոտենհեմի» նոր մարզադաշտը՝ 1միլիարդ եվրո։

Հայաստանում նույնպես նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր՝ չորրորդ կարգի մարզադաշտ, որը կհամապատասխանի միջազգային այդ կառույցի սահմանած բոլոր նորմատիվներին: - «Անվտանգության տեսանկյունից, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված լինելու մասով, նստատեղերի քանակով, հստակ փաստաթուղթ կա, որը ներկայացնում է թե ինչ պետք է ունենա չորրորդ կարգի մարզադաշտը», - նշեց փոխնախարարը:

Ազգային նոր մարզադաշտ կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: «Հրազդանը», որն այժմ մասնավոր սեփականություն է և գտնվում է անմխիթար վիճակում, չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի անվտանգության չափանիշներին: Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը հաճախ թարմացնում և փոփոխում է պահանջները՝ այդ իսկ պատճառով հավանական է, որ կգա ժամանակ, երբ արդեն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը չափորոշիչների առումով խնդիրներ կունենա:

Փոխնախարար Լոռեցյանը հավելում է՝ պետք չէ սպասել դրան՝ որքան շուտ նոր մարզադաշտ ունենանք, այնքան լավ։ Պաշտոնյան ներդրումային առաջարկ ներկայացրած միջազգային կազմակերպության անունն առայժմ չի ցանկանում հրապարակել, քանի դեռ Հայաստանի իշխանությունները առաջարկին պաշտոնական արձագանք և գնահատական չեն տվել:

«Նախագիծը դեռ քննարկման փուլում է, ներդրումը կհաստատվի այն ժամանակ, երբ համապատասխան պետական գերատեսչությունները կտան իրենց փորձագիտական եզրակացությունները: Իհարկե, ոգևորիչ է, կարող է թվալ՝ լավ նախագիծ է, եկեք հաստատենք ու անցնենք կառուցելուն, բայց նախ պիտի առաջարկի տեխնիկական կողմերը հասկանանք, ռիսկերը գնահատենք», - պարզաբանեց նա:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը անցած ամիս հայտարարել էր, որ նոր մարզադաշտը կկառուցվի Երևանից դուրս: Սակայն, ըստ փոխնախարարի, դա այժմ արդյունավետ չէ, այս առաջարկով մարզադաշտը մայրաքաղաքում է նախատեսված:

«Նախ ներդրողի համար, իր տեսանկյունից արդյունավետ չի լինի Երևանից դուրս մարզադաշտ ունենալ, իսկ երկրորդ ու ամենակարևոր կետն էնա, որ եվրոպական ու համաշխարհային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ անհրաժեշտ է լինելու հարակից ենթակառուցվածքներ», - նշեց Լոռեցյանը՝ հավելելով, որ այժմ քաղաքապետարանի հետ քննարկում են մարզադաշտի հնարավոր տարածքը։