Այս տարվա առաջին կիսամյակում Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեպքերով 73 քրգործ է հարուցվել

Ապօրինի ծառահատման 73 քրեական գործ, միայն Տավուշի մարզում և միայն այս տարվա առաջին կիսամյակում։

«Վեց ամսվա ընթացքում բնությանը պատճառված վնասի չափը ապօրինի ծառահատումների դեպքերով 395 միլիոն 643 հազար 850 դրամ է», - ասաց Տավուշի մարզի դատախազության դատախազ Արթուր Զարգարյանը։

Զարգարյանի խոսքով՝ 14 գործ հարուցվել է պաշտոնական լիազարությունների չարաշահման, անփութության ու կաշառք ստանալու հատկանիշներով։ Այս գործերով անցնում են հիմնականում անտառապահները։

Ապօրինի ծառահատման իջևանյան սրացումից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում են անտառագողության բիզնեսի կազմակերպիչները։

«Արդեն իսկ և՛ հարստացել են այդ ոլորտում ու բավականին կարողություններ են ստեղծել իրանց համար և, բնականաբար, նշված անձինք ունեն որոշակի անձանց շրջանակ, որոնք իրենց համար աշխատում են, հիմնականում բանվորների տեսքով, ծառ կտրողների տեսքով։ Նման անձինք, որոնք որ ղեկավարում են այդ ամբողջ գործընթացը ապօրինի, նրանք շատ քիչ են անտառ բարձրանում», - նշեց Զարգարյանը։

Քրեական վիճակագրությունը կա, սակայն չկա որևէ վիճակագրություն, թե Հայաստանի անտառները որքանով են կրճատվել անտառի տասնամյակների սպանդի հետևանքով։ Անտառների հաշվառում վերջին անգամ իրականացվել է 1993 թվականին, ըստ որի, անտառները կազմում են Հայաստանի 11 տոկոսը։ «Հայաստանի անտառներ» կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանի խոսքով՝ թիվը աղետալիորեն նվազել է. միայն հանքերի համար գլխատված անտառները հերիք են։

«Միջազգային կազմակերպությունները, անտառի վերահսկողության կազմակերպություններ կան, տվել են 6,8 տոկոս։ Այսինքն անտառը հասել է այն վիճակի, որ արդեն կարող է ինքնավերականգնման ֆունկցիան կորցնի և մենք ըդհանրապես անտառ չունենանք», - ընդգծեց Վարդանյանը։

Ոլորտի պատասխանատուները՝ այս դեպքում, Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը հակված չէ հավատալ, թե համարյա կրկնակի անտառային ծածկույթը կրճատվել է։ Բայց որ այն գերշահագործվել է, ընդունում է, մի քանի օր առաջ իջևանում ցուցարարների հետ է հանդիպել, պնդում է, միայն բիզնեսմեններ էին։

«Այնտեղ տաքացող քաղաքացի չկար, այնտեղ ամբողջությամբ բիզնեսմեններ են նստած, որոնք բիզնեսմեններ չեն։ Դրանց մեծ մասը, կոպիտ ասած, փայտագողեր են», - ասաց Սամվել Սահակյանը։

Սահակյանը 25 տարի այս ոլորտում է, «Հայանտառ»-ում էր աշխատում, չի հերքում, որ անտառի վրա բիզնես միշտ է եղել։ «Հայանտառ»-ն, օրինակ, տարիներով կռվախնձոր էր բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունների միջև, որովհետև այդտեղ փողեր էին պտտվում։ Այսօր Անտառային կոմիտեի ղեկավարը պնդում է՝ այդ ամենն անցյալում է։

«Հիմա ձեզ հավատացնեմ, որ էս համակարգում էն, ինչ որ նախկինում ասել են՝ արատավոր և այլն, հիմա դա բացառվում է։ Նկատի ունեմ, երբ որ նոր վարչապետը առաջին իսկ իրա քաղաքական մեսիջը որ ուղարկեց՝ էսօրվանից անջատում ենք բենզասղոցները և միացնում ենք ուղեղները», - նշեց նա։

Նազելի Վարդանյանը վստահ է՝ փայտի բիզնեսը տարիներով արմատավորվել է, դրանով նաև անտառամերձ գյուղերի բնակիչներն են ապրում, նրանց համար այլընտրանք պետք է ստեղծել։ - «Կա՛մ գազի ու էլեկտրականության գները պետք է այդտեղ ինչ-որ ձևով փոխհատուցվի պետության կողմից, կա՛մ պետք է անտոկոս, այլընտրանքային վարկեր տրամադրվի, օրինակ՝ արևային մարտկոցներ ձեռք բերելու համար», - ընդգծեց Վարդանյանը։

Նազելի Վարդանյանի առաջարկն է օգտվել նաև միջազգային կառույցների հնարավորությունից, որ անտառամերձ գյուղերի բնակիչները փող ստանան ոչ թե անտառ կտրելու, այլ տնկելու համար. «Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում նախատեսված է մի մեխանիզմ, որ անտառտնկման այդ մեխանիզմը կոչվում է՝ անտառ արտաքին պարտքի դիմաց»։

«Հայանտառ»-ի տնօրեն Արեգ Կարապետյանը նույնպես լայնածավալ անտառապատումն է համարում անտառների և այդ գյուղերի փրկությունը։ - «Բնականաբար, աշխատանքերում ներգրավված են լինելու անտառամերձ համայնքների բնակիչները», - ասաց Կարապետյանը։

Ասում է՝ այս տարվանից սկսել են Հրազդանի անտառտնտեսությունում արդեն 300 հազար տնկիներ են բարձրանում։

Առայժմ «Հայանտառ»-ի բյուջեով են տնկարաններ հինում, հուսով է՝ կմիանան միջազգային ֆոնդերը, բայց արդյո՞ք հնարավոր է վերականգնել հայաստանյան անտառները իրենց տեսականիով: Տարիների ընթացքում այն փոխվել է. բարձրարժեք կաղնին անտառից հանվել է որպես թանկարժեք շինանյութ։

«Հաճարենու, կաղնու անտառները հատումներից հետո գալիս են փոխարինման բոխու անտառները, որը ավելի արագ հարմարվող տեսակներ են և այդ պայմաններում հատված, լուսավոր անտառների պայմաններում բոխին ավելի արագ է վերականգնվում», - նշեց Կարապետյանը։

«Հայաստանի անտառներ» կազմակերպության ղեկավարը հիշեցնում է՝ կլիմայի փոփոխության կոնվենցիայով պարտավորվել ենք մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքները հասցնել 21 տոկոսի, հիշեցնենք՝ 93-ին 11 տոկոս է եղել։ Ինչպե՞ս է սա հնարավոր, հատկապես որ անտառներում սղոցը չի լռել, պատասխանատուները պնդում են՝ հնարավոր է։ Իսկ պատասխանատուները ի դեպ շատ են. «Հայանտառ», Անտառային կոմիտե, Շրջակա միջավայրի նախարարություն. մեկը տնտեսվարում է, մյուսը կառավարում, այն մեկն էլ՝ քաղաքականություն մշակում։