Իսկ այսօր առավոտյան էլ, ահա, Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ այդ կենտրոնի գործունեության մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, պաշտոնյա անձինք արտգործնախարարությունից , կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և արվեստագետներ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկու երկրները շատ մշակութային հարստություն ունեն, ունեն նաև մեծ փորձ ազգային արժեքների վերականգնողական և պահպանողական աշխատանքների, այդ պատճառով որպես տարածաշրջանի կենտրոն ընտրվել է հենց Երևանը: Այն հանգամանքը, որ վերականգնվելու են հուշարձանային կոթողներ, նպաստելու է, որպեսզի զարգանա տուրիզմը Հայաստանում: Եվ պարզ է, որ տնտեսության աճ կլինի այդ պարագայում: Եվ դա պարոն Փաշինյանի կառավարության նախընտրություններից մեկն է», - լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իտալիայի դեսպանը:
Փոխնախարար Նարինե Խաչատուրյանն ընդգծեց․ - «Հայ-իտալական վերականգնողական կենտրոնի իմասին խոսակցությունները հին խոսակցություններ են: Դեռ 2014 թվականից, եթե չեմ սխալվում․ որոշակի քայլեր արվեցին Հայաստանի և Իտալիայի կառավարությունների կողմից: Բայց հիմա շատ գործնական փուլի ենք հասել: Դա մեզ կտա դպրոց․ իտալական փայլուն դպրոցը վերականգնողական մշակույթի, անշարժ և շարժական հուշարձանների ուսումնասիրման և դրանց վերականգնման նորագույն մեթոդների ու միջոցների»:
«Ազատության» հարցին, թե արդյոք որոշել են առաջնահերթությունները, «որ ծայրից են սկսելու», Խաչատուրյանն արձագանքեց․ - «Լավ հարց է, որովհետև էդ ծայրը անծայրածիր է Հայաստանում: Ամեն քայլափոխի կան հուշարձաններ, անշարժ հուշարձաններ և մշակութային արժեքներ շարժական, որոնք բառիս բուն իմաստով փրկության կարիք ունեն: Եվ ինչ-որ մի տեղից անպայման պիտի սկսենք»:
Իսկ աշխատանքների ֆինանսական կողմին վերաբերող հարցին, փոխնախարարն անձագանքեց․ - «18 ամիս, եթե հիշողությունս չի դավաճանում, իտալական կողմն է հոգալու հոգսերը: Մենք հենց էսօրվանից կսկսենք մտածել 18 ամիս անց ի՞նչ ենք անելու: Իհարկե թանկ հաճույք է, բայց շատ կարևոր պարտավորություն է»:
Երեկ արդեն իսկ կայացել է կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը: Իսկ այսօր երեկոյան իտալացի հայ և փորձագետնրի մասնակցությամբ կընտրվեն Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման այս տարածաշրջանային կենտրոնի աշխատակիցներն ու ղեկավար կազմը:
Թե՛ Նարինե Խաչատուրյանը և թե՛ Վինչենցո դել Մոնակոն շեշտում էին, որ կենտրոնը լուրջ դերակատարում է ունենալու Հայաստանում և տարածաշրջանում պատմամշակութային հուշարձանների պահպանության, վերակագնման գործում, նաև մասնագետներ է վերապատրաստելու: