Դատախազությունն այսօր տարածած պարզաբանման մեջ վստահեցնում է՝ իրականությանը չի համապատասխանում լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվար ամսին մերժված նյութերը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը ունեցել են մեկ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ, նշված է հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն՝ քննվող քրեական գործի և դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի և դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը պայմանավորված է եղել օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ:
Դատախազությունն ընդգծում է, որ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե մեկ տարի առաջ, այլ փետրվարին։
Քաղաքացին հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել։ Դրանով ստեղծվել է պատրանք, որ կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել, մանրամասնում է դատախազությունը:
Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը, վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ, չի կարող մեկնաբանվել որպես այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում:
Հաղորդագրությունում նշված է, որ մարտի 12-ին քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել:
Հաղորդում տված անձը քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազին: Այս բողոքով քաղաքացին կոնկրետ փաստարկներ է ներկայացրել ոչ թե նիստի ծանուցման մասին, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին:
Գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ, շեշտում է դատախազությունը:
Դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:
Դատախազությունն ընդգծում է, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանի որ քրեական գործի շրջանակներում դատավորի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։
Չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքով պարտադիր չէ, քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին թույլատրվել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը, ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, հուլիսի 17-ին հաղորդվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ մինչև դատավորի աշխատասենյակի խուզարկումը Հատուկ քննչական ծառայությունը իրազեկել է ԲԴԽ-ին։ Հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհուրդը անկախ մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը ձեռնպահ մնաց պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գործի վարույթն էլ կասեցնելով՝ ուղարկել այն ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։