Հայաստանյան, ինչպես նաև միջազգային ստարտափները կարող են գրանցվել՝ հոկտեմբերի 6-9-ին կայանալիք «WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի «կայծակնային ռաունդների» ընթացքում իրենց գաղափարները ներկայացնելու և դրանց իրագործման համար ներդրումներ ներգրավելու հնարավորության համար: Համաժողովի կայքի https://wcit2019.org/application-form բաժնում կարող են գրանցվել ստարտափներ` գաղափարի իրականացման ցանկացած փուլում:
«Դրանք կարող են լինել ստարտափներ անգամ գաղափարի փուլում: Ընտրությունը կատարելու է հատուկ հանձնաժողովը, և ես խորհուրդ կտայի բոլորին դիմել և հնարավորինս շուտ», - հայաստանցի և եվրոպացի լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: - «Ժյուրին ներառելու է մեծ աքսելերատորներ, խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններ և դա նաև ֆինանսավորում ստանալու հնարավորություն է», - պարզաբանեց նա:
Եսայանի խոսքով Գաղափարները կգնահատի և 15 լավագույնները կընտրի միջազգային մասնագետներից կազմված ժյուրին։
Այսօր հրավիրած ասուլիսում Ալեքսանդր Եսայանը և «WCIT 2019»-ի կազմակերպման ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը հավելյալ մանրամասներ ներկայացրեցին համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին, մասնավորապես, նշելով, որ համաժողովի առանցքային թեմաների շարքում են արհեստական բանականությունը, բլոքչեյնը, «կանաչ» տեխնոլոգիաները:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այն հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող թվով 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։