Զարեհ Սինանյանը շարունակում է հանդիպումները Մոսկվայում

Հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ, լուսանկարը՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Շարունակվում է Հայաստանի վարչապետի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան: Սա այդ պաշտոնում Սինանյանի առաջին այցն է արտերկիր:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը երեկ այցելեց նախ Ռուսաստանի հայերի միության գրասենյակ, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին ոչ միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, այլև Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչները: Շատերը հեռավոր մարզերից Ռուսաստանի մայրաքաղաք էին եկել հատուկ այս հանդիպմանը մասնակցելու համար:

Իր ելույթում Սինանյանն ընդգծեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորությունը՝ նշելով, որ այն մեծ ներուժ ունի և կարող է լուրջ դերակատարում ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ առհասարակ հայության համար:

«Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ իրականում ձեզ, կարծում եմ, չեն լսել, որի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ: Դա փոխվելու է և արդեն փոխվելու է: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի հայերի միությանը՝ տարիների ընթացքում այս տարած կարևոր աշխատանքի համար: Շատ լավ ծանոթ եմ ձեր կառույցին, հասկանում եմ, որ դուք եզակի եք այն իմաստով, որ ունեք տարածաշրջանային մասնաճյուղեր բազմաթիվ: Ուրեմն՝ դուք լուրջ, լուրջ լծակներ ունեք ամբողջ Ռուսաստանի Դաշնության տարածքով մեկ, իսկ Ռուսաստանի Դաշնության տարածքը հսկայական է», - մասնավորապես ասաց Սփյուռքի գործերի հանձնակատարը:

Զարեհ Սինանյանը թեև 14 տարեկանից ապրել է Կալիֆորնիայում, այդուամենայնիվ շատ վարժ ռուսերեն էր նաև խոսում: Գուցեև հենց այս պատճառով հանդիպմանը մարդիկ բավական անկեղծ էին:

Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած հայերը զանազան հարցեր բարձրաձայնեցին՝ հույս հայտնելով, որ նոր պաշտոնյան իսկապես կտա այդ հարցերի լուծումը: Բողոքում էին կիրակնօրյա դպրոցներում հայկական դասագրքերի, հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ կադրերի բացակայությունից, եկեղեցու հետ ունեցած բազմաթիվ խնդիրներից:

Կոնկրետ առաջարկներ արեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա մասնավորապես առաջարկեց ստեղծել համահայկական մի մարմին, որը կներկայացնի համայնքների շահերը Հայաստանում և կհամակարգի նրանց գործունեությունը:

Աբրահամյանն ընդհանրապես առաջարկեց ընդլայնել համայնքային կառույցների ներկայությունը Հայաստանի ներքաղաքական և տնտեսական կյանքում, հույս հայտնեց, որ նոր իշխանությունների հետ իրենց համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի:

Երեկոյան Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Զարեհ Սինանյանի պատվին կազմակերպվել էր ընդունելություն, ներկա էին համայնքի տարբեր ներկայացուցիչներ՝ մտավորականներ, արվեստագետներ, գործարարներ: Առանձին հանդիպում է ունեցել Սիմոնյանը նաև «Կիլիկիա» ակումբի ղեկավարների հետ:

Հանդիպումներն այսօր շարունակվելու են:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նոր կազմակերպություններ են ստեղծվել: Սինանյանը խոստացել է հանդիպել Մոսկվայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: