Լոռու մարզպետարանի աջ ու ձախ կողմերի անխնամ ու բարձիթողի երկու տարածքները Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդիների սեփականությունն են։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անընդունելի է համարում, որ ժամանակին քաղաքի հրապարակի հարակից հատվածները՝ նախկին շատրվանային կասկադը, չնչին գումարի դիմաց՝ պարզապես հողամասի անվան տակ, սեփականաշնորհել են։ Ավելին, անցած 13 տարվա ընթացքում սեփականատերերը որևէ բարեկարգում չեն իրականացրել։
«Նախկին պաշտոնյաների՝ ամեն ինչը սեփականացնելու էդ մոլուցքը պետք է ուղղակի օրենքի սահմաններում, էն հատվածները, որ գողացվել են համայնքից, պետք է հետ վերադարձնել: Այդ գործընթացը մենք հիմա սկսել ենք», - ասում է մարզպետը:
Ըստ արխիվային փաստաթղթերի, 2004 թվականին Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի հարակից 850 քառակուսի մետր տարածքի վարձակալության համար մրցույթ է հայտարարվել՝ առանց մրցութային հանձնաժողովի։ Որպես մրցույթի միանձնյա կազմակերպիչ Վանաձորի այդ տարիների քաղաքապետ Սամվել Դարբինյանը վարձակալ է ընտրել իր որդուն՝ Աղասի Դարբինյանին։ Վերջինս որևէ բարեկարգում չի իրականացրել, մինչդեռ երկու տարի անց քաղաքապետը դարձյալ միանձնյա՝ առանց ավագանու, որոշում է կայացրել 850 քառակուսի մետր տարածքը որպես սեփականություն հանձնել վարձակալ որդուն։
Մարզպետարանի մյուս կողմում, դարձյալ անխնամ 250 քառակուսի մետր տարածքը ևս գրեթե նույն մեխանիզմով դարձել է նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի որդու՝ Հարություն Դարբինյանի սեփականությունը։ Վերջինս նախկին քաղաքապետի հորեղբոր թոռն է։
Այդ տարիներին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը ղեկավարած Տիգրան Պապանյանը, որ այժմ բնակվում է արտերկրում, «Ազատությանը» հեռախոսով ասաց՝ որևէ խախտում չեն արել։ Քաղաքապետի հարազատները Վանաձորի հրապարակի մաս կազմող հատվածների տեր են դարձել օրենքի ուժով, մտադիր չեն հրաժարվել իրենց ունեցվածքից և նրանց սեփականությունից կարող են զրկել միայն դատարանի որոշմամբ։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասում է, որ ժամանակ առ ժամանակ բարձրացրել են քաղաքի նմանատիպ տարածքների հարցն ու բախվել ավագանու «քաղաքական մեծամասնության անգործությանը»։ Վանաձորի ավագանիում մեծամասնություն են կազմում «Հանրապետական» խմբակցությունն ու դրան սատարող մյուս քաղաքական ուժերը, որոնք տեղական իշխանության մաս են կազմում։
«Իհարկե, սեփականության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանված է, բայց նաև կա հանրային ռեսուրսների մսխելու հարցը, որի մեջ ոչ ոք չի փորձել խորանալ ժամանակի ընթացքում», - մատնանշում է Մարուքյանը:
Լոռու մարզպետը համոզված է, որ Վանաձորի Հայքի հրապարակի և մարզպետարանի ետնամասում գտնվող այգու հարակից տարածքների սեփականաշնորհումը տեղի է ունեցել օրենքների լուրջ խախտումներով և պատրաստվում է իրենց հավաքագրած տեղեկությունները ներկայացնել դատախազություն։
Մարզպետի ձեռքի տակ են նաև նախկին քաղաքապետի այլ որոշումներ, որոնցով մի քանի հազար քառակուսի մետր արտադրական և այլ նշանակության տարածքներ ուղղակի վաճառքի ձևով հանձնվել են նույն քաղաքապետին պատկանող ընկերությունների։
«Մենք կդիմենք օրենքով սահմանված կարգով, որպեսզի սեփականության իրավունքից զրկվեն իրենք և վերադարձվեն համայնքին», - նշեց Անդրեյ Ղուկասյանը:
Նշենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետի որդին՝ Աղասի Դարբինյանը, 2010 թվականից Հայաստանի վարչական դատարանի դատավոր է, 2018 թվականի փետրվարից՝ նույն դատարանի նախագահ։ Դեռևս 2004 թվականին Վանաձորի սրտում տարածքի սեփականատեր դարձած Աղասի Դարբինյանը, մինչդեռ, 2011 թվականին որպես բարձրաստիճան պաշտոնյա ներկայացրած իր ունեցվածքի հայտարարագրում որևէ նշում չի արել իր սեփական տարածքների մասին։
2018 թվականին՝ արդեն վարչական դատարանի նախագահի պաշտոնն ստանձնելիս, Վանաձորի նախկին քաղաքապետի որդին՝ Աղասի Դարբինյանը, հայտարարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան, մեկ բազմաբնակարանանոց բնակելի շենք, հողամաս, արտադրական նշանակության շինություն, թանկարժեք մեքենա, 2 այլ մեքենաներ և ավելի քան 80 միլիոն դրամ։
2019 թվականի մայիսին, մինչդեռ, նախորդ տարվա համար ներկայացված պաշտոնատար անձանց հայտարարագրում վարչական դատարանի նախագահի բոլոր տեսակի գույքը դարձյալ անհետացել է։