ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը

«Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար», ֊ «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, շեշտելով՝ իր համար պարզ չէ, թե ինչու է կառավարությունը ցանկանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար «մոնստր մարմին» ստեղծել:

Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում նոր կառավարությունը նախատեսում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Այն բացառապես զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ և այդ նպատակով իրավապահ տարբեր մարմինների՝ Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ֊ի, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին:

«Մենք նախկինում ունեցել ենք փորձերը սուպերնախարարությունների, որոնք այնուհետև վերածվել են մոնստրի, հենց ամենամեծ կոռուպցիոն կառույցների», - մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը: - «Տարիներ շարունակ մարդիկ, ովքեր էսօր ապրում են արաբական շեյխերից ավելի ճոխությամբ և հիմա էլ, ի դեպ, շատ հանգիստ իրենց կարող ես տեսնել Երևանի տարբեր սրճարաններում փռված և վայելելիս․․․ նրանք պիտի ենթարկվեն պատասխանատվության, դա իմ հստակ դիրքորոշումն է, բայց միայն և բացառապես իրավական դաշտում: Քաղաքական ցանկացած պրեսինգ, քաղաքական ցանկացած նյուանս ստվերելու է այն ամբողջ առողջացման գործընթացը դատաիրավական համակարգի, որին մենք փորձում ենք հավատալ»:

«Ազատության» հարցին՝ արդեն գործող, առկա մարմինները բավարար չե՞ն, եթե առանձին հակակոռուպցիոն կենտրոն ստեղծվի, որը միայն զբաղվի կոռուպցիոն հանցագործություններով, սա արդյունավետությունը կբարձրացնի՞ կոռուպցիայի դեմ պայքարի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմինն էլ միանշանակ բավարար է: Թե ինչի համար է ստեղծվում այդ մոնստր մարմինը՝ ես կարծում եմ առաջիկայում, երբ որ նման մարմին ստեղծվի, իշխանությունները պարտավոր են համապատասխան պարզաբանմամբ հանդես գալ»:

Հակակոռուպիցոն կոմիտեից բացի նախատեսվում է ստեղծել հատուկ կոռուպցիոն գործերի քննությամբ զբաղվող դատարան, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման» հանձնաժողով: Այս անկախ հանձնաժողովը քննելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումներ, վարելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրը, հրապարակելու է հայտարարագրերը, քննելու է դրանց առնչվող խախտումների վերաբերյալ գործեր։

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն ասում է, թե պարզ չէ՝ ինչպես է նույն խնդրով զբաղվելու 3 տարբեր մարմին: - «Այստեղ առաջանալու է աջապսանդալային իրավիճակ», - ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենց համար անընդունելի է կառավարության առաջարկը՝ ունենալ 2 մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ընդդիմադիր խմբակցության համոզմամբ հարկավոր է համախմբել այս 2 կառույցները մեկ մարմնում:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե լինի մեկ առանձին քննչական մարմին, մյուսը զբաղվի էթիկայի հարցերով, հայտարարագրերի հարցերով, ինչո՞ւմն է իրենց մտահոգությունը, Անի Սամսոնյանը պատասխանեց․ - «Մտահոգությունը նրանում է, որ մենք կարող ենք ստեղծել մեկ մարմին, նրան տալ սահմանադրորեն անկախության շատ բարձր երաշխիքներ, որպեսզի որևէ իշխանություն չկարողանա այդ մարմինը դարձնել իր հայեցողության առարկա»:

Հավելենք, որ ամենաուշը մինչև օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: