«Հայաստանը վուլգար վեթինգի ճանապարհով չի գնա»․ Վլադիմիր Վարդանյան

Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հունիսյան նստաշրջանի արձանագրությունում որևէ սենսացիա չկա, ասում է իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Խնդիրն էր այն հարցերը, որոնք բարձրացված են այդ փաստաթղթի մեջ, մեզ, իհարկե, հայտնի են եղել, այստեղ որևիցե նորություն և որևիցե սենսացիա չկա։ Երևի թե ամենամեծ սենսացիան այն է և սրա մասին պետք է մտահոգվեին Վերնետիկի հանձնաժողովը, որ փաստաթուղթը, որը իր էությամբ կոնֆիդենցիալ է, հասանելի է դարձել», - նշեց Վարդանյանը։

Այս փաստաթուղթը երեկ առաջինը հրապարակեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչներն են նախկին իշխանության օրոք բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը և Արցախում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաթղթի ամենաքննարկվող կետերը Հայաստանում դատավորների վեթինգի և Սահմանադրական դատարանում (ՍԴ) ստեղծված իրավիճակի վերաբերյալ արձանագրություն են։ Ըստ որի, Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում Հայաստանի իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ հենց այս ճանապարհով են գնալու, ոչ թե իր իսկ բնութագրմամբ «վուլգար վեթինգի»:

«Վուլգար վեթինգը նշանակում է՝ ստեղծվում է մի հանձնաժողով, որը կանչում է բոլոր դատավորներին և ասում է՝ դու լավ դատավոր ես, դու վատ դատավոր ես։ Ոչ, այդ մեխանիզմը հակասահմանադրական է, և մենք այդ ճանապարհով չենք գնալու։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ անցումային արդարադատության հարցում մենք որոնելու ենք հայաստանյան մոդելը, որովհետև ավելի լավ է ունենալ ուշացված անցումային արդարադատություն, քան ունենալ ձախողված անցումային արդարադատություն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված կանոնակարգումները թույլ են տալիս այդ իրավիճակը, զտման իրավիճակը, այսինքն բարեվարչության ստուգման իրավիճակը իրականացնել պերմանենտ հիմքերով և դրա համար ստեղծված է համապատասխան կառույց, դա Բարձրագույն դատական խորհուրդն է։ Ամբողջ խնդիրը ինստիտուցիոնալ, որ առկա էր այն էր, որ մենք օրենսդրական որոշակի խնդիրներ ունենք, որոնց լուծելու միջոցով կարող ենք հասնել իրավիճակին, երբ դատական իշխանությունը կառողջանա, մասնավորապես, խոսքը վերաբերում է կարգապահական պատասխանատվության հիմքերը հստակեցնելուն, խոսքը վերաբերում է դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված համապատասխան գործիքակազմի ներդրմանը, խոսքը վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը և դատավորների գույքի եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրմանը», - ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակին, ապա փաստաթղթում նշված է, որ ողջամիտ չէ անդամ-դատավոր բառախաղը: Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը՝ Սահմանադրության 213-րդ հոդվածը, Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։ Այսինքն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և վեց անդամ կարող են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը: Մինչդեռ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց Սահմանադրական դատարանում իրավիճակը ճգնաժամային է: Հիմնավորեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, մինչդեռ ՍԴ կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն և նման լիազորություն չունեն:

«Վենետիկի հանձնաժողովը չի կարող մեկնաբանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այն էլ, եթե չկա համապատասխան դիմում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից։ Ես չեմ անդրադառում մեկնաբանության իրավաչափությանը, ոչ իրավաչափությանը, բայց նման մեկնաբանության կարիք այն էլ երկու տողով, առանց վերլուծության իմ համար զարամանալի էր», - ընդգծեց Վարդանյանը։