Ցիկլոտրոնի գործարկումը որևէ իմաստ չունի, դա պարզապես մի քանի հոգու քմահաճույքն է, պնդում է Ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, այժմ առաջատար գիտաշխատող Ռուբեն Մկրտչյանը։
Նա վստահ է, որ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ու տնօրեն Անի Աբրահամյանը սեփական շահն են հետապնդում։
«Քանի տարի դա չէր թողարկվում, որովհետև չկա վճարունակ պահանջ այդ ախտորոշման», - ասում է Մկրտչյանը:
Ի դեպ, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը հրաժարվեց մեկնաբանությունից: Իսկ պրոֆեսոր Աբրահամյանը Հայաստանում չէ:
Շաբաթներ առաջ գործարկվեց ցիկլոտրոն արագացուցիչը, որի մասին խոսվում էր մոտ մեկ տասնամյակ՝ որպես քաղցկեղի ախտորոշման բացառիկ հնարավորություն։ Ռուբեն Մկրտչյանն այս ամենը համարում է հեքիաթ, որ պատմվում է տարիներ շարունակ՝ որպեսզի արդարացնեն ռադիոիզոտոպների կենտրոնին ուղղված միլիոնավոր վարկերը և խուսափեն պատասխանատվությունից:
«Չկան այդ քանակով հիվանդներ, որոնք պատրաստ են իրենց գրպանից վճարել այդ հազար դոլարը ախտորոշման համար: Արսեն Թորոսյանի տխուր տեսքից և իր խոսքերի բովանդակությունից ես հասկացա, որ ճիշտ է այն, ինչ մենք ենթադրում էինք», - ասում է գիտնականը:
Ռուբեն Մկրտչյանի խոսքով՝ ցիկլոտրոնը երկու ժամում մոտ 600 հիվանդի ախտորոշման դոզա է արտադրել, և որտե՞ղ են այդ հիվանդները, եթե մեկ հետազոտությունը պետք է արժենա մոտ հազար դոլար։ Նա վստահ է՝ վերջին ամիսներին Ֆիզիկայի ինստիտուտի փողերը ցիկլոտրոնի թողարկմանն ուղղելը անիմաստ էր։ Հատկապես, որ դեռ 2013 թվականին կնքված մի պայմանագիր ուղղակի փակուղի է մտցնում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հեռանկարը:
Խոսքը «Գլոբըլ Մեդիքըլ Սըլյուշնս» ընկերության մասին է, որի հետ կառավարությունը պայմանագիր է կնքել, որով այդ ընկերությունը բացառիկ իրավունքներ է ստացել կառավարելու և շահագործելու այս կենտրոնը: Ընկերությունը գրանցված է օֆշորում՝ Վիրջինյան կղզիներում։ Այս ընկերությունը 6 տարի առաջ կառավարությանը 14 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է ներկայացրել՝ քաղցկեղի ախտորոշման տարածաշրջանային կենտրոնի հավակնոտ նախագիծ։ Այն ստացել էր կառավարության հավանությունը, սակայն վերջնական պայմանագիրն, ըստ Մկրտչյանի, պարտավորություններ է սահմանում միայն կառավարության համար:
«Մեր կառավարությունը՝ նույնիսկ նախորդը, տեսնելով որ ոչ մի բան չի ստացվում, ուզում էր հրաժեշտ տալ այդ ֆիրմային, բայց նրանք չհամաձայնեցին», - պատմում է նա:
Ցիկլոտրոնի թողարկումն այժմ արագացրել է քննարկումները կենտրոնի ճակատագիրը որոշելու առումով։ Այն Պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայությամբ է, քանի որ մասնավորեցման ցանկում է։ Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասում է՝ հետաքրքրվածներ կան, այդ թվում՝ օրինակ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, բայց «Գլոբըլ Մեդիքըլ Սըլյուշնսի» հետ պայմանագիրը խնդիր է․ - «Մեկ քայլով կենտրոնը ավելի գրավիչ դարձավ մասնավորեցման համար, բայց կա այդ պայմանագիրը, որը խոչընդոտում է: Պայմանագիրը կոնկրետ անձի հետ է, ով պահանջներ ունի և ներդրումներ չի կատարում»:
Խնդրահարույց պայմանագիրն այժմ ուսումնասիրում են Արդարադատության նախարարությունում։ Մինչև այս հարցերը չպարզաբանվեն՝ ցիկլոտրոնը, որքան էլ իզոտոպ արտադրի ու քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ պատրաստուկ, որևէ օգուտ չկա։
Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը շեշտում է՝ դեղորայքի օգտագործման բոլոր լիցենզիաները այդ ընկերության ձեռքում են։
Ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրենն էլ հույս ունի իրավական հարցերը կկարգավորվեն, իսկ արագացուցչի գործարկումը, բժշկությունից բացի, միջուկային ֆիզիկայի զարգացմանն էլ կօգնի: - «Սա լավ առիթ է, որ ցիկլոտրոնը օգտագործելով՝ կարողանանք դիմել միջազգային խոշոր դրամաշնորհային ծրագրերի և մեծ դրամական միջոցներ ներգրավել և ուղղել այս հետազոտություններին», - ասում է Գևորգ Քառյանը:
Ռուբեն Մկրտչյանը հակադարձում է․ - «Իրենք ուզում են ձևացնել, որ էդ ցիկլոտրոնը, չնայած բժշկության համար դեռ չի աշխատում, բայց սարսափելի կարևոր է գիտության համար: Դա ըտենց չէ»:
Ինստիտուտի նախկին տնօրենը այստեղ էլ անհամաձայնություն ունի, պնդում է՝ ո՛չ բժշկական, ո՛չ էլ գիտական ծրագրեր թղթի վրա գրված՝ չկան: Ցիկլոտրոնը՝ ճիշտ է, աշխատում է, բայց դեռ պետք է հասկանալ՝ ինչի համար: