Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստը հետաձգվեց. Մանվել Գրիգորյանին դատարան չէին բերել։
«Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ հունիսից մինչ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր պահանջեց, որ հաջորդ նիստին ապահովվի ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան փորձագետների ներկայությունը, որոնք պետք է մասնակցեն Գրիգորյանի համար նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը: Ասաց՝ փորձագետներին պետք է նախազգուշացնել կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին:
Դեռ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշել էր՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր մեղադրող դատախազների միջնորդությունը։ Փորձագիտական հանձնաժողովին առաջադրվել են մի շարք հարցեր, օրինակ՝ Ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, թե՞ ոչ:
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չի բացառում, որ կրկին կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ասաց՝ նույնիսկ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը հարցի լուծում չէ: Ավելի վաղ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշմամբ Հայաստանի կառավարությունից պահանջել էր Գրիգորյանին սեղմ ժամկետում անհրաժեշտ դեղորայք և բժշկական օգնություն տրամադրել: Անցած ամիս, երբ Գրիգորյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», դատախազների պնդմամբ դիտավորյալ հրաժարվել էր ընդունել իրեն անհրաժեշտ դեղերը:
«Այն բավարար չափի բուժումը, որը նա կարող է ստանալ ազատության մեջ, չի կարող ստանալ կոնվոյի առկայության դեպքում», - պնդեց փաստաբանը:
Արսեն Մկրտչյանը պնդեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում:
«2018 թվականի հունիսի 16-ից առ այսօր Մանվել Գրիգորյանը դաժանաբար պատժի է ենթարկվում, սա ոչ թե կալանք է՝ սա, ըստ էության, ամենադաժան պատիժն է, որովհետև նախաքննության ընթացքում կալանավորը գտնվում է այնպիսի զրկանքների և պայմանների մեջ, որը անգամ դատապարտյալը չի գտնվում և իր հանդեպ հատուկ վատ վերաբերմունք կա», - պնդեց Գրիգորյանի փաստաբանը:
63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։