Առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանի եղբորորդուն

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Նարեկը Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է:

Հեղափոխությունից հետո, ընտանիքով Հայաստան տեղափոխված, 30-ամյա գործարար Վահե Պարազյանն այս գործով տուժող է ճանաչվել: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 10 միլիոն եվրո իրենից պահանջած Նարեկ Կարապետյանի հետ Երևանում երկու անգամ է հանդիպել, երկու անգամ էլ ծեծի է ենթարկվել Կարապետյանի ու նրա թիկնապահների կողմից: Ըստ տուժողի՝ միջադեպի օրը Նարեկ Կարապետյանն իրեն ասել է՝ Ռուսաստանում մտել են գործարար հորեղբոր բիզնեսի դաշտ, 2 տարում 10 մլն եվրո աշխատել ու հիմա այդ գումարը պետք է իրենց տան: Պարազյանն ասում է՝ 10 մլն եվրո իրենք չեն էլ աշխատել։

«Պարապմունքից դուրս էի գալիս, հենց մայթի վրա էի կանգնած, հետևից ձայն տվեց, շրջվեցի, տեսնեմ՝ Նարեկ Կարապետյանը, շատ ագրեսիվ մոտեցավ ինձ, հետն էլ մի հատ տղա էր, հարցրեց՝ «Վահե, դո՞ւ ես», ասեցի՝ հա, ի՞նչ կա, դրանից հետո հարվածեց։ Մեծ հարցական էր, թե ի՞նչ կարա լինի այդ ամեն ինչի հետ կապված։ Գտա իրա համարը, իրան զանգահարեցի, ասեցի՝ ես մենակս գալիս եմ ձեր ռեստորան, գիտեմ՝ դուք ստեղ ռեստորան եք բացել, ուզում եմ քո հետ հանդիպել, հասկանամ՝ ինչ է պատահել։ Ես մոտեցա իրեն, նստած էր ինքը սեղանին ու շրջապատված իրա թիկնապահներով՝ մոտավորապես 10-15 հոգի մարդ։ «Ես խոսացել եմ մեր ղեկավարության հետ, և մենք եկել ենք այն եզրակացության, որ չկա ոչ մի բան խոսալու, կա ընդամենը միակ ելքը ձեր ընտանիքի համար, դա այն է, որ դուք այդ փողը պիտի բերեք տաք մեզ»։ Ասում է՝ «մեզ էլ պետք չի էդ փողը, դու գիտես՝ մենք ինչ հնարավորության տեր ենք, մենք ստեղ ֆոնդ ունենք, որը Ղարաբաղի համար է օգտագործվում, տվեք, քցենք մենք էդ ֆոնդին, կուղարկենք Ղարաբաղին», իրա բառերով ասեմ՝ «գրեֆ անենք Ղարաբաղին»։ Ես ասում եմ՝ «Իմ հաշվին դուք ուզում եք Ղարաբաղին գրեֆ անե՞ք, գրեֆ անող եք, գնացեք արեք», - նշեց Պարազյանը։

Պարազյանը պնդում է, որ այս զրույցից հետո Նարեկ Կարապետյանն ու իր թիկնազորի անդամներն իրեն ու ընկերոջը ծեծի են ենթարկել: Ըստ տուժողի՝ ամեն ինչ սկսել է այն բանից, երբ տարիներ առաջ, իրենք մասնակցել են «Գազպրոմ»-ի հայտարարած մրցութներին և դրանցից մի քանիսը շահել, 2 տարի անց, սակայն, Պարազյանի խոսքով, իրենց 100-ից ավելի պայմանագրերը Ռուսաստանում միակողմանի խզվել են:

«Բացատրելով այն պահով, որ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը իրա լծակները օգտագործելով ամեն ինչ արել է, որ մենք «Գազպրոմ»-ի մրցույթներից դուրս գանք, որից հետո միանգամից խաղարկություն դրեցին, բոլոր տենդերները գնացին «Տաշիր Գրուպ»-ի մեջ մտնող կամպանիաների մեջ։ Չբավարարվելով այդ ամեն ինչով, նոյեմբերի 1-ին 2016 թվականին իմ վրա հարուցեցին քրեական գործ, որի պատճառով ինձ տեղափոխեցին քաղաք Կալուգա և ձերբակալեցին։ Դեմից միայն շորթում էր, հետո նաև ավելացրեցին առևանգում, դրանից հետո ինձ սպառնացին, որ քեզ սպասում է մոտավորապես 15 տարվա ազատազրկում», - նշեց Պարազյանը։

«Ազատության» հարցին, թե բանտում իր հետ հանդիպե՞լ են, Պարազյանը պատասխանեց. «Ուղարկել են մարդիկ, ադվակատներ են էղել իրանց կողմից, մարդիկ, որ իրանց բանը փոխանցել են։ Տարիուկես ես նստելուց հետո շինծու գործ հարուցածը պրավալ է գնում լիովին և վերակվալիֆիկացիա են անում, ես դուրս եկա զալոգով՝ գրավով, որից հետո մենք ընտանիքով որոշեցինք էս հեղափոխությունից հետո, իմանալով, որ Սամվել Կարապետյանի լծակները ստեղ էլ չեն գործում մաքսիմալ, մենք բոլորս որոշում կայացրինք գանք Հայաստան»։

Պարազյանին և ընկերոջը 10 հոգով ծեծի ենթարկելու մասին նաև Քննչական կոմիտեն է իր հայտարարությունում նշել՝ ընգծելով, որ արդեն նաև առերեսումներ են կատարվել: «Տաշիր Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանն «Ազատությանն» ասաց, որ իր վստահորդը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և Պարազյանի պնդումները իրականության հետ աղերս չունեն:

«Այդ տեղեկությունը բացարձակապես սուտ է, ինքը ընդհանրապես կապ և առնչություն չունի իրականության հետ։ Իմ վստահորդը իրեն չի ծեծել, իմ վստահորդը իրենից գումարներ չի պահանջել։ Ես շատ ցավում եմ, որ մեր քննչական մարմինը ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա էսօր մարդուն մեղադրանք է առաջադրում, և մենք այդ առաջադրված մեղադրանքը բողոքարկել ենք հանրապետության գլխավոր դատախազին։ Լիահույս ենք, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բոլոր հարցերը կստանան իրենց իրավաչափ պատասխանները», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին՝ հուլիսի 3-ին Պարազյանի և իր վստահորդի միջև հանդիպում եղե՞լ է, Ֆերոյանը պատասխանեց. «Այո, հանդիպում եղել է, որոշակի կոնֆլիկտ եղել է, բայց ոչ թե Նարեկ Կարապետյանի հետ, այլ Տիգրան Ասլանյանի հետ։ Իրար քաշքշել են, բայց Նարեկ Կարապետյանը ընդամենը փորձել է բաժանել և հաշտեցնել նրանց»։

Թեև Վահե Պարազյանն ընդունում է, որ Ռուսաստանում իրեն մեղադրանք է առաջադրվել շորթման ու առևանգման հոդվածներով, ինքն էլ գրավի դիմաց է ազատ արձակվել, բայց նաև պնդում է՝ դա Կարապետյան ընտանիքի պատվերն է: Նարեկ Կարապետյանի փաստաբանն իր ունեցած տեղեկություներով է հերքում այս պնդումները։

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Վահե Պարազյանը կալանքի տակ է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում այն բանի համար, որ նա ինչ-որ չեչենների հետ գալով հանցավոր համաձայնության՝ առևանգել են հայ գործարարի, ծեծել են ու գումարներ են պահանջել։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, ինքը դրա համար է կալանքի տակ գտնվել, հետևաբար՝ դրա հետ Կարապետյաններ ընտանիքը որևէ կապ և առնչություն չունի։ Անտեղի է ասել, թե «իրանց մեղքով ես գտնվել եմ կալանքի տակ»։ Մինչև հիմա իրա նկատմամբ, ես գիտեմ, որ էդ գործը քննվում է, և ինքը ընդամենը գրավով ազատ է արձակվել», - ասաց Ֆերոյանը։

Երկու կողմն էլ արդար քննության հույս ունեն, պնդում են, որ մեղավորը պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի նոր Հայաստանում։