Թբիլիսին փորձում է խուսափել «Դավիթ Գարեջի»-ի շուրջ ծագած ճգնաժամի խորացումից

«Դավիթ Գարեջի» վանական համալիրը, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին անում է հնարավոր ամեն ինչ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ծագած լարվածությունն արագորեն մեղմելու նպատակով: Ներքաղաքական ճգնաժամի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հերթական վատթարացման ֆոնին Վրաստանի կառավարությունը ակնհայտորեն խուսափում է դիվանագիտական հակամարտության ևս մեկ ճակատ բացել արդեն Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, իրավիճակը վրաց-ադրբեջանական սահմանի վիճելի հատվածում գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ սրվեց հանգստյան օրերին, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրեցին այստեղ գտնվող ուղղափառ սրբապատկերները` դրանք փոխանցելով վրացական կողմին: Տեղեկանալով ադրբեջանցիների այդ քայլի մասին` հարևան վրացական գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ փորձեցին մուտք գործել «Դավիթ Գարեջի» համալիրի կենտրոնը համարվող Ուդաբնոյի վանք, ինչն էլ իր հերթին ադրբեջանցի սահմանապահների հետ թեժ վիճաբանության հանգեցրեց:

Կրքերն է՛լ ավելի թեժացան, երբ սահմանին հավաքված ցուցարարների շրջանում լուրեր սկսեցին շրջանառվել, որ ադրբեջանցի սահմանապահները վանական համալիրի տարածքը նաև որպես զուգարան են օգտագործում:

Հետագայում տեղացիներին միացան նաև Թբիլիսիից ժամանած քաղաքացիական ակտիվիստները, որոնք, իրենց խոսքով, շուրջօրյա հերթապահություն սահմանեցին «Դավիթ Գարեջի»-ի հարևանությամբ:

Այսօր առավոտյան կրքերը մեղմելու փորձ կատարեց Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե «նման միջադեպերը հակասում են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության ոգուն»: «Փորձագետների խմբի և սահմանազատման կոմիտեի նիստերը պետք է հրավիրվեն պատշաճ ժամկետներում: Վրացական կողմը պատրաստ է դրան», - նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Սրան զուգահեռ՝ Վրաստանի ուժային կառույցները ևս գործողություններ են ձեռնարկում, որոնց նպատակն է բացառել ադրբեջանցի սահմանապահների հետ հնարավոր բախումներն ու վիճաբանությունները: Երեկ, երբ իրադրությունը դեռ չէր հանդարտվել, «Դավիթ Գարեջի»-ում հանդիպեցին Վրաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի բարձրաստիճան սպաները: Ըստ «Թուրան» գործակալության՝ այդ միջադեպից անմիջապես հետո վրացական կողմն արգելափակեց վիճելի վանական համալիր տանող բոլոր ճանապարհներն ու արահետները:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրամանատարի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումից հետո նշում էր, որ «Դավիթ Գարեջի»-ում հնարավոր է եղել խուսափել իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի սցենարից:

«Միջադեպից հետո իրադրությունը «Դավիթ Գարեջի»-ում հանդարտ է: Մոտակա օրերին ուխտավորներն ու զբոսաշրջիկները ազատորեն կարող են մոտենալ վանական համալիրի տարածքին», - նշում էր Կուպատաձեն:

Վրաստանի սահմանապահ ոստիկանության հրամանատարի տեղակալը նաև հերքում էր Թբիլիսիից ժամանած ցուցարարների և հարակից վրացական գյուղերի բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը միտումնավոր է սրբապատկերները դուրս բերել «Դավիթ Գարեջի»-ի տարածքից:

«Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները սրբապատկերները վանական համալիրի տարածքից դուրս են բերել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, որպեսզի դրանք հանկարծ չվնասվեն», - նշում էր Կուպատաձեն Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: