Վրաստանը դատապարտում է միջադեպը «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ

Միջադեպը «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ, 14-ը հուլիսի, 2019թ․

Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Անցած օրերին ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին, պնդելով, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով:

Վրաստանի և Ադրբեջանի 446 կիլոմետր սահմանի մեկ երրորդ մասը կազմող և տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի հարևանությամբ բնակվող վրացիները փորձել են կանխել ադրբեջանական ուժայինների կողմից սրբապատկերների տարհանումը՝ հնչեցնելով հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ:

Տեղի ունեցածի կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունները արտգործնախարարություն են կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին և բացատրություններ պահանջել:

«Նմանատիպ միջադեպերը չեն համապատասխանում երկու երկրների միջև գործընկերային և ռազմավարական հարաբերություններին, այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ժամանակին պետք է շարունակվեն փորձագետների խմբերի և սահմանազատման հարցով հանձնաժողովի հանդիպումները, ինչի հետ կապված վրացական կողմը լիովին պատրաստակամ է», - ասվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում: Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ հանրությունը պետք է ձեռնպահ մնա զգացական դրսևորումներից՝ սադրանքներից խուսափելու համար:

Վրաստանի և Ադրբեջանի սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 1990-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել են վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացն առայժմ տեղից չի շարժվում:

Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրը իր պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Ադրբեջանցիները, իրենց հերթին, համալիրն անվանում են Քեշիքչիդաղ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող:

Տե՛ս նաև այստեղ