Որևէ բան չեմ կարող երաշխավորել ջրիմուռների աճի հետ կապված. Գրիգորյան

Որևէ բան չեմ կարող երաշխավորել լճում ջրիմուռների աճի հետ կապված, բայց կարող եմ երաշխավորել, որ գնում ենք անշեղորեն այդ խնդիրների լուծման, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ստորև ներկայացնում ենք «Ֆեյսբուքյան ասուլիսից» մի հատված։

«Ազատություն». – Պարոն նախարար, Առողջապահության նախարարությունն էր հայտարարություն տարածել, որտեղ գրված էր, որ «այն հատվածները, որտեղ նկատվում են կապտականաչ ջրիմուռներ, խուսափեն այնտեղ լողալ», տնտեսվարողները ասում են, որ պաշտոնյաների այսօրինակ հայտարարությունների պատճառով իրենց գործը այս կարճաժամկետ սեզոնին կանգնում է, համաձա՞յն եք, թե՞ ոչ։

Էրիկ Գրիգորյան. – Բնականաբար, երբ որ կան ռիսկի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, իհարկե, դա ազդում է մարդկանց վրա։ Նույնիսկ երբ այսօր հիմնականում շատ մաքուր է ջուրը, մարդիկ, ամեն դեպքում, խուսափում են որոշակի առումով։ Բայց և՛ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված, և՛ մեր կողմից ներկայացված են, որ, ընդհանուր առմամբ, այնտեղ որևէ խնդիր չկա։ Իսկ էդ ծոցերում կամ ծանծաղուտներում լողանալը տարվա որևէ եղանակին, կարծում եմ, պետք չէ։

«Ազատություն»․ - Այսինքն, տնտեսվարողների անհանգստությունը, որ իրենց գործին, մեղմ ասած, վնասում են էսպիսի հայտարարությունները, էստեղ մտահոգություն կա՞, ամեն դեպքում:

Գրիգորյան․ - Առողջապահության նախարարությունը պատասխանատու է քաղաքացիների առողջության համար, և որտեղ որ տեսնում են որոշակի խնդիրներ, այդ մասին պե՛տք է տեղեկացնել, բայց այդ խնդիրները պետք չէ տարածել: Սևանը 1400 քառակուսի կիլոմետր է, եթե ինչ-որ ափեր, սահմանափակ տեղեր խնդիրներ կան, ապա դա պետք չէ տարածել ամբողջ լճի համար և ընդհանրական եզրահանգումներ անել: Սևանի ջուրը առնվազն մենք տեսնում ենք, որ մաքուր է, իսկ առողջապահական մասով, առողջության հետ կապված, Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, հստակ պարզաբանում տվել է:

«Ազատություն»․ - Պարզաբանել է և նշել է, որ ռիսկային տարածքները Վարդենիկն ու Մարտունին են, բայց, ամեն դեպքում, հորդորել է, որ կապտականաչ ջրիմուռներ նկատվող հատվածներում չլողալ:

Օգտատերերից մեկը ասում է, որ անցած տարի ևս Սևանը էլի «ծաղկել էր», Դուք մի տարի է Բնապահպանության կամ արդեն Շրջակա միջավայրի նախարար եք, ի՞նչ հետևություն եք արել անցած տարվա կանաչումից, ի՞նչ քայլեր եք արել այդ ուղղությամբ։

Գրիգորյան. – Կոնկրետ քայլերը՝ վերհանել ենք այն տարածքները, որտեղ պետք է մաքրում կատարվի, ուսումնասիրել ենք և այս պահին ամենօրյա ռեժիմով վերահսկում ենք ջրի ելքը։ Դրա հաշվին այսօր Սևանը երկու սանտիմետրով ավել է անցյալ տարի նույն օրվա համեմատ։ Մեր հորդորներով, այսպես ասած, մի շարք տնտեսվարողներ տեղադրել են մաքրման կայաններ, և նաև հաշվարկվել է, թե այդ համայնքներում մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումարներ պետք կլինեն, և ներկայացվել է կառավարություն։ Հանվել է այն ռիսկային Սևանի վրա ազդող խնդիրները, որ կարող են լինել, և այդ ամենը տրվել է Ազգային անվտանգության խորհրդին, նաև քննարկվել է այնտեղ։

«Ազատություն». – Որո՞նք են այդ խնդիրները, որ ներկայացվել են Անվտանգության խորհրդին։

Գրիգորյան. – Ներկայացվել է և՛ ափամերձ տարածքների, նախկինում մաքրված տարածքների կամ չմաքրված տարածքների հետ կապված հարցերը։ Ընդ որում՝ այդ փաթեթը նաև ամբողջությամբ 11-17 թվերի համար ներկայացվել է Դատախազություն։ Դա ցանցավանդակային տնտեսությունների հետ կապված ռիսկերն են, կոյուղաջրերի հետ կապված հարցերն են և բոլոր այն աղբյուրները, որոնք բերում են ջրի որակի վատթարացմանը։

«Ազատություն». – Այսինքն, մարդիկ, ովքեր վարձակալել են այդ ափամերձ տարածքները, լա՞վ չեն մաքրել դրանք։

Գրիգորյան. – Ոչ թե վարձակալները, այլ պետությունը տարբեր տարիների ընթացքում տվել է գումարներ, որպեսզի ափամերձ տարածքները Սևանի լճի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ մաքրվեն, բայց պատշաճ չեն մաքրվել կամ համընկնումներ են եղել։ Դրա հետ մեկտեղ նաև Ջրային կոմիտեից ջրապահանջարկի ծավալները, եթե նայում ենք տարբեր տարիներին՝ 200 միլիոն, 240, 300 միլիոն, այսինքն շատ ավելի ջուր էր պահանջել, քան օրենքով նախատեսված էր։

«Ազատություն». – Օգտատերերն ասում էին, որ Դուք անցած տարի տեսաք ինչ վիճակ է, ինչո՞ւ ոչինչ չձեռնարկեցիք, որ այս պատմությունը այս տարի էլ չկրկնվի, երաշխավորո՞ւմ եք, որ մյուս տարի էլ այս պատմությունը չի կրկնվի։

Գրիգորյան. – Որևէ բան լճի հետ կապված չեմ կարող երաշխավորել ջրիմուռների, օրինակ, աճի հետ կապված, բայց կարող եմ երաշխավորել, որ որոշակի գործողությունների համար հստակ ժամանակացույց ունենք ու գնում ենք անշեղորեն այդ խնդիրների լուծման։ Բյուջեով նախատեսված է Սևանի մաքրման աշխատանքներ՝ կեսը՝ ցամաքում, կեսը՝ ջրում։ Մեր համար հեշտ տարբերակ էր մրցույթ հայտարարել, էդ տարածքում մաքրումը իրականացնել ու ասել՝ նայեք՝ էս գործը արել ենք, այ տեսեք՝ առաջընթաց տեմպերով գնում ենք։ Մենք վերցրեցինք 1901,5 նիշը, դրոններով ամբողջը ուսումնասիրեցինք, թե իրականում որտեղ են մաքրման ենթակա տարածքները։ Այդ ամբողջ տարածքը 770 հեկտար ջրում և ճահճում, եթե նախկինում մենք պետք է մաքրեինք 10 տարում, ապա մենք ներկայացրեցինք կառավարություն հիմնավորումներ և մաքրելու ենք 20-21 թվականների ընթացքում։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․