Բրիտանացի կինոռեժիսոր Ռիչարդ Բիլինգհեմի լիամետրաժ խաղարկային «Ռեյը և Լիզը» ֆիլմը «Ոսկե ծիրան» երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմը դարձավ, և լիամետրաժ միջազգային մրցույթում արժանացավ «Ոսկե ծիրան» մրցանակի: Հենց այս ֆիլմն էլ, որպես հաղթող ֆիլմ, ցուցադրվեց կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Արծաթե ծիրանը» նվաճեց ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բոլոգովի «Լողլողը» ֆիլմը:
Եվս մեկ բրիտանական ֆիլմ էլ արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակի՝ Հասան Ֆազիլիի «Կեսգիշերային ճամփորդը» խորագրով ֆիլմը: Բրիտանական կինոռեժիսորների մրցանակները հանձնվեցին բրիտանական խորհրդի հայկական մասնաժյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին՝ հեղինակներին առաջիկայում դրանք փոխանցելու նպատակով:
Այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին նաև երկու վրացական ֆիլմ մրցանակի արժանացավ․ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե Ծիրան» ստացավ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը և FIPRESCI-ի՝ կինոքննադատների և կինոլրագրողների հատուկ մրցանակին էլ արժանացավ Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոն» ֆիլմը:
Երկու մրցանակ ստացան երկու հայ կինոռեժիսորների ֆիլմեր․ ՀՀ վարչապետի մրցանակը հանձնվեց երիտասարդ կինոռեժիսոր Տաթև Հակոբյանին՝ «Թակարդը» ֆիլմի համար: Իսկ Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց Լիլիթ Պետրոսյանին՝ «Բայինա» ֆիլմի համար:
Կարճամետրաժ ֆիմերի տարածաշրջանային մրցույթում «Ոսկե Ծիրանի» արժանացավ իրանցի ռեժիսոր Մարզիե Ռիահեի «Վարորդական դասեր» ֆիլմը:
Եվ այսպես, այս տարվա «Ոսկե Ծիրանի» երկուական մրցանակ նվաճեցին բրիտանացի, վրացի և հայ կինոռեժիսորները, մեկական՝ ռուս և իրանցի ռեժիսորները:
Կինոփառատոնի փակման հանդիսավոր ավարտն ազդարարեցին «Ոսկե Ծիրանի» ավագ և երիտասարդ սերնդի ղեկավարներն ու աշխատակիցները՝ ձեռք-ձեռքի տված Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Մինչև հանդիսության մեկնարկը Արայիկ Հարույթյունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Շատ եմ սիրում: Առաջին անգամ է այս տարի, որ որևէ ֆիլմ չեմ նայել խիստ զբաղվածության պատճառով: Բայց խոստացել են, որ լավագույն ֆիլմերը կուղարկեն կնայեմ: «Ոսկե Ծիրանը» իր կայուն տեղն ունի միջազգային փառատոների մեջ, և կարծում եմ, որ մենք ջանք չպետք է խնայենք, որպեսզի նրա դիրքերը է՛լ ավելի ամրապնդվեն, և լավագույն ֆիլմերը էստեղ ցուցադրվեն»:
Կինոփառատոնի երիտասարդ ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը, ամփոփելով մեկշաբաթյա աշխատանքը, շեշտեց․ - «Ամբողջական պատկերը դժվար է ստանալ: Իհարկե կային որոշակի բացեր, իհարկե կան փոփոխություններ, որոնք էլի պիտի վերանայվեն, նոր որոշումներ, որոնք պետք է շտկել մինչև հաջորդ անգամը: Հաջորդ տարիներին կփորձենք ինչ-որ սխալներից խուսափել: Թեև ընդհանուր առմամբ, կարծում եմ, ուրախ փառատոն ստացվեց»:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն ամփոփում է․ - «Փառատոնը վերջ չունի, փառատոնը անընդհատ շարունակվում է: Ինձ համար շատ դժվար անցավ, որովհետև ես ղեկին չէի: Անհանգիստ էի շատ: Բայց կարծում եմ, որ գեղեցիկ անցկացրեցին ամեն ինչ: Կլինեն թերություններ, կլինեն փոքր և մեծ սխալներ, բայց կարևորը սենդրափոխությունն է: Կարող էին էլի տասը տարի դիմանալ, կամ հինգ տարի դիմանալ: Բայց ինչի՞ համար, երբ որ երիտասարդներն ավելի լավ գաղափարներով և մտքերով են եկել: Օգնենք իրենց, լինենք իրենց կողքին, բայց չխանգարենք»: