Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Վանաձոր-Ախթալա ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Վ.Մ., ծնված 1984 թ.) և «ՎԱԶ-2104» (վարորդ` Ա.Բ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Կ.Գ., ծնված 1984 թ. և Լ.Մ., ծնված 2007 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ:
Կ.Գ.-ն և Լ.Մ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել են: Վ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, այնուհետև՝ ռեանիմոբիլով տեղափոխել Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փրկարարները և Թումանյանի ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով քարերը հեռացրել են ավտոճանապարհից», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում: