Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման ծրագրի շուրջ քննարկում Գյումրիում

Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ են անցկացվում նաև մարզերում:

Եվրամիության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները քննարկումների միջոցով փորձում են տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները ևս ներառել ծրագրում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ հասարակական սեկտորի կողմից ներկայացված 65 առաջարկներից 60-ը ընդգրկվել է ծրագիր: Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր գրեթե բոլոր կառավարությունները մշակել ու դրանց դեմ պայքարող մարմին են ստեղծել: Ի՞նչ երաշխիք ունեն, որ հերթական ծրագիրը չի մնա թղթի վրա կամ ձևական բնույթ չի կրի հետաքրքրվեցինք Կարեն Զադոյանից:

«Եթե հակակոռուպցիոն ռազմավարությունը չի արտահայտում ոլորտի բոլոր դերակատարների ու հանրության սպասելիքները, իհարկե, կմնա թղթի վրա, բայց այս ռազմավարությունը առանձնանում է նրանում, որ կա, համենայն դեպս մինչև հիմա կանք, որպեսզի դրա մշակմանը մասնակից դարձնեն բոլոր դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի Հակակոռուպցիոն մարմինը կամ մարմինները ունենան ռեալ անկախություն։ Եթե չունենան ռեալ անկախություն, ապա չեն կարող իրենց դիտակետի տակ պահեն այսօրվա իշխանությանը», - պատասխանեց Զադոյանը։

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ներկայացրեց, թե հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար ինչ կառույցներ են ստեղծվելու և ինչ գործառույթներ են իրականացնելու:

«Դրանք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում է, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերջնական ձևավորումն է։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը 10-15 օր առաջ ձևավորվել է արդեն իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։ Էս երեք մարմինները լինելու են, ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարի գծով որոշակի իրավասությամբ օժտված օղակներ, յուրաքանչյուրը իրեն բնորոշ իրավասության կոնկրետ ծավալով և առկա չէ իրավասության ծավալների որևէ հատում այս գործընթացի մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է նախաքննական մարմին, որը օժտված է լինելու նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման գործիքակազմով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ըստ մեր էսօրվա հայեցակարգի, զբաղվելու է հայտարարագրերի ընդունմամբ, քաղաքականության մշակմանն օժանդակությամբ, հակակոռուպցիոն կրթական միջոցառումների կարզակերպմամբ։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը սոսկ լինելու է քննարկման հարթակ», - ասաց Խաչիկյանը։

Հետհեղափոխական ժամանակահատվածում բազմաթիվ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ եղան՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ազգականների մեղադրանքներ առաջադրվեցին: Ապօրինի հարստացման, դուրս բերված ակտիվների վերադարձման ու պատժի կրման ինչ մեխանիզմներ են իրականացվելու այս հարցը ինչպես շատերին այնպես էլ Կարեն Զադոյանին հետաքրքրեց ու վերջինս հարցը հղեց փոխնախարարին:

«Բնակչության հիմնական սպասումները կապված է գողացված ակտիվների հետ։ Տարբեր աղբյուրներ կան միջազգային հեղինակավոր, որ փաստում են, որ Հայաստանից դուրս են հոսել անօրինակ կերպով 10 միլիարդ, տարբեր գնահատումներ կա՝ ավելի շատ գումարներ։ Հիմա հանրությունը սպասելիք ունի, որ հեղափոխությունից հետո այդ գումարները պետք է բերեն», - նշեց Զադոյանը։

«Որպես միջոցառում, դա անպայմանորեն նախատեսել ենք մեր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ՝ ապօրինի ակտիվների վերադարձի հետ կապված հարցերը, բայց նաև, իմ համոզմունքն է, որ այդ օրենքը նկատի ունենալով իր հանրայնությունը, իր չափազանց մեծ կարևորությունը և առհասարակ հանրային այն սպասումները, որոնք այս պահին մենք ունենք պետք է առանձին քննարկման առարկա դառնա», - պատասխանեց փոխնախարարը։

Ներկաներից ոմանք նաև իրենց մտահոգությունները հայտնեցին:

Հանրային քննարակումները շարունակվելու են մարզերում, քանի որ հենց տեղերից ստանում են առաջարկներ, որոնք պատասխանատուների հավաստմամբ քննարկումներից հետո տեղ կգտնեն ռազմավարական ծրագրում: