«ԲՀԿ-ն սկսել է գործ տալ, էլ իրենց գողական պանյատներով չեն առաջնորդվում ինձ հետ հարաբերվելիս»․ Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան, արխիվ

Աբովյանում քաղաքացիական գիտակցությունը բարձրացել է, ասում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և որպես ապացույց վկայակոչում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավից իր դեմ ներկայացրած դատական հայցը:

«Ես շատ ուրախ եմ, որ կարծես թե արդեն քաղաքացիական գիտակցությունը բարձրացել է Աբովյան քաղաքում և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրենց բառերով ասեմ՝ սկսել է գործ տալ», - նշեց Պետրոսյանը։

Աբովյանի քաղաքապետի ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց մարզպետի դեմ հայց է ներկայացրել 29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանը, որի մոտ այդ օրը հայտնաբերվել էր ընտրողների անուն ազգանուններով ցուցակ: Գյուլինյանը հանձնաժողովում ԲՀԿ քվոտայով էր, իսկ ԲՀԿ-ն սատարում էր քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանին:

Մարզպետը ահազանգել էր ոստիկանություն և լրատվամիջոցներին հայտնել, որ լավ է ճանաչում Վեներա Գյուլինյանին, նա Գագիկ Ծառուկյանի ուսանողական բարեգործական հիմնադրամի աշխատակից է և լավ գիտի, որ նման բաներով է զբաղվում: Գյուլինյանը հայցում նշել է, թե Ռոմանոս Պետորսյանը իրեն մեղադրել է քրեորեն պատժելի արարքի համար, իր մոտ ընտրացուցակ չի հայտնաբերվել, այդ օրը ոչ իրավաչափ գործողություն չի կատարել, զրպարտել են իրեն և դատարանից պահանջում է մարզպետին պարտավորեցնել հերքել զրպարտությունը։

«Երևի ավելի շատ այս միտքն է իրեն անհանգստացնում, որ ես շատ լավ գիտեմ, որ ինքը նման բաներով է զբաղվում, նման բաներով, այսինքն ընտրատասովչիկությամբ։ Խոշոր հաշվով դա ընտրակեղծարարություն է», - ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Վեներա Գյուլինյանը դեռ երկու օր առաջ խոստացավ «Ազատությանը» հարցազրույց տալ, սակայն ավելի ուշ խուսափեց խոսել, չպատասխանեց հեռախոսազանգերին: Իսկ ընտրության օրը պնդել է, թե ինքը շենքի լիազոր է և այդ ցուցակն իր ուղեցույցի մեջ պատահական է հայտնվել:

«Դա այս ընտրության հետ ընդհանրապես կապ չուներ, իսկ քանի որ նաև շենքի լիազոր եմ և համատիրության հետ համագործակցություն կա, այդ ցուցակը գտնվում էր պատահաբար իմ այդ ուղեցույցի մեջ», - ասաց Գյուլինյանը։

Ռոմանոս Պետորսյանը չի հրաժարվում իր խոսքերից, դարձյալ պնդում է՝ Վեներա Գյուլինյանը հունիսի 9-ին ընտրողներին ուղղորդելու փորձ է արել և տարակուսում է, որ ավելի քան մեկ ամիս անց այդ փաստը դարձրել է դատական վեճի առարկա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով հանձնաժողովում նշանակված անձը հստակ ընտրացուցակ ունի ձեռքին, որտեղ կան տվյալներ, քաղաքացիներ, հասցեներ, ինչպես նաև ցուցկի առջև առանձին սյունյակում նշումներ է՝ ով է եկել, ով՝ ոչ։ Տրամաբանական է, որ դա իրենց հաշվառված էլեկտորատին, այսպես ասած, ընտրատեղամաս բերման ենթարկելու կորդինատրներն են», - նշեց Կոտայքի մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ դատական հայցը Վեներա Գյուլինյանի ձեռքի գործը չէ, ԲՀԿ վերնախավն է իր հետ հաշվերհարդար տեսնում, ասում է՝ փորձում են արատավորել իր քաղաքական բարի համբավը:

«Էդուարդ Բաբայանը ասում է՝ գործ տվողների քաղաք չենք ուզում դարձնենք, արդեն բերել է Գյուլինյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, գործ է տալիս», - ասաց Պետրոսյանը։

Կոտայքի մարզպետը զարմացած է, որ Վեներա Գյուլինյանը հայցում հիաշատակել է իր այն միտքը, թե իրեն լավ է ճանաչում և գիտի՝ Ծառուկյանի ուսանողական բարեգործական հիմնադրամի աշխատակից է: Ծառուկյանի հետ փոխկապակցված լինելու մասին համացանցում տասնյակ տեղեկություններ կան, ասում է Պետրոսյանը՝ մատնացույց անելով իր օգնականի հետաքննության նյութերը:

«Եթե տիկինը օբյեկտիվ ճշմարտությունը համարում է զրպարտանք, թող դադարի այդ կենսակերպով ապրելը, թող փոխի կենսակերպը, գործունեության բնույթը, ծառայություններ մատուցելու այդ ոճը՝ կոնկրետ նյութական շահի հետևից ծառայություններ մատուցելու», - ասաց նա։

Մարզպետը հիշեցնում է՝ ցուցակը հայտնաբերել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյանը և դժգոհում, որ օրվա սկանդալը դարձած այս ահազանգը հետաքննության փուլում էլ ավարտվեց: Քրեական գործի հարուցումը մերժվեց հանցակազմի բացակայության հիմքով: Մինչդեռ, ասում է, եթե քրեական գործ հարուցվեր, Գյուլինյանի հեռախոսազանգերը վերծանվեր ու ցուցակի հեռախոսահամարների հետ կնույնականացվեր, բոլորովին այլ պատկեր կստացվեր:

«Մենք դիմում ենք դատարան, որպեսզի դատարանը վերացնի Կոտայքի մարզի Աբովյանի բաժնի հետաքննիչի որոշումը քրգործ չհարուցելու մասին», - ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին դատական հայցից բացի, մի ծրար էլ ստացել է Հատուկ քննչական ծառայությունից: Սա իր օգտին է: Ընտրությունների օրը ընտրատեղամասերում շրջող և ընտրախախտումներ հայտնաբերող մարզպետի դեմ հայց էր ներկայացրել ԲՀԿ-ի Աբովյանի գրասենյակի ղեկավարը, թե մարզպետը լիազորությունները չարաշահել է: Մեկ ամիս անց քննչական մարմինը մերժել է քրեական գործի հարուցումը:

Քաղաքապետի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվել էր 395 ձայնի տարբերությամբ: