Այսօր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» և արաբական «Մասդար» ընկերության միջև կնքվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ հուշագիր։ Կողմերի նախնական գնահատմամբ՝ ներդրումների ծավալը կկազմի 500 միլիոն դոլար։
«Ձեր երկիրն ունի մեծ ծավալի ռեսուրսներ, մասնավորապես, արեգակնային էներգիայի մեծ պաշար, որը շատ մրցունակ էներգիայի աղբյուր է։ Որոշ տեղերում դուք ունեք նաև հողմային էներգիայի աղբյուր, որ նույնպես շատ մրցակցային և շատ դրական էներգետիկայի աղբյուր է։ Միևնույն ժամանակ մենք պետք է չհերքենք այն փաստը, որ ձեր երկիրն ունի նաև հիդրոէներգիայի աղբյուրների կարողություններ։ Բայց մենք հիմնականում կենտրոնանալու ենք արևային ֆոտովոլտային էներգիա, ինչպես նաև հողմային էներգիա արտադրելու վրա», - ասել է «Մասդարի» գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով՝ «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև քննարկումները եղել են համագործակցության և համագործակցության մասշտաբի շուրջ։ - «Մեր իդեան այն է եղել, որ «Մասդարը» լինելով այն մասշտաբի և տեխնիկական գիտելիքների, իրականացված պրոյեկտների ձեռնարկություն, մեր համար իդեալական պարտնյոր է՝ այս ուղղությամբ աշխատելու համար», - նշել է Փափազյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Մասդար» ընկերությունը նախատեսում է Հայաստանում մոտ 500 ՄՎտ հզորությամբ էներգիայի կայաններ կառուցել։ Ավինյանի խոսքով՝ այդ ներդրումները Հայաստանի էներգետիկ անվտանգության առումով շատ կարևոր քայլ կլինեն։
«Մենք ունենք ՀՀ-ի արևային քարտեզը և ըստ նպատակահարմարության և ըստ ծավալիների համապատասխան ծրագրերը կնախապատրաստվեն՝ հիմնականում մրցակցային հենքով, որովհետև դաշտում այլ խաղացողներ ևս կան։ Մենք կկարողանանք իրականացնել, ենթադրաբար մինչև 2036 թվականը [կստեղծենք] մոտավորապես 4000-4100 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի կայաններ», - ասել է փոխվարչապետը։
2006 թվականին ստեղծված «Մասդար» ընկերությունը վերջին տասնամյակում Արաբական Միացյալ Էմիրություններում և ամբողջ աշխարհում առևտրային կենսունակ լուծումներ է առաջարկում մաքուր էներգիայի, կայուն քաղաքային զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում՝ դրանցում զբաղեցնելով առաջատար դիրք։