Երեկ կայացած Դատավորների ընդհանուր ժողովից հետո իշխանական «Իմ քայլի» անդամները չեն թաքցնում իրենց մտահոգությունը:
«Ես չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև Դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, եթե այն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, պետք է հարգել: Բայց առնվազն ինձ համար զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ որ կարծես թե տիկին Տավարացյանը նախկինում ներկայացրել էր հրաժարականի դիմում, և այդ դիմումը մնացել է անհետևանք: Այս գործընթացը որևիցե եղանակով, իմ կարծիքով, չի կարող բարձրացնել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությունը», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Դատավորների ընդհանուր ժողովում երեկ ընտրվեցին Բարձրագուն դատական խորհրդի անդամներ՝ Ռուբեն Վարդազարյանն ու Մեսրոպ Մակյանը: Իսկ անցած տարի ընտրված, բայց հրաժարականի դիմում ներկայացրած Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը հայտարարեց, թե ինքն արդեն ընտրված անդամ է և իրեն մնում էր միայն երդվել, ինչն էլ արեց։
Տավարացյանը ԲԴԽ անդամ մնալը պատճառաբանում է այսպես՝ հրաժարականի իր դիմումը չի ընդունվել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետևել է երեկվա ընտրության արձագանքներին ու մտահոգված է։
Մի շարք իրավապաշտպանները, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր, գործընթացը մեղմ ասած վիճահարույց են համարում՝ չմոռանալով հիշեցնել 1996-ից դատավոր Տավարացյանի անցած ուղին:
Նա նաև «Ա1+»-ի եթերազրկումից հետո մերժել էր հեռուստընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի:
«Այն տարակուսանքը, որը մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից, առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է», - այսօր լրագրողների հետ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը ասաց Մակունցը:
Իշխանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դատավորների վեթինգը՝ զտումը, կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը:
Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ առաջինը վեթինգ պիտի անցնեն ԲԴԽ այն անդամները, որոնք կիրականցնեն զտումը։
«Իմ քայլում», սակայն, չեն մանրամասնում՝ ԲԴԽ-ի վեթինգը ո՞ր մարմինը կիրականացնի:
«Ինչ վերաբերվում է դատավորի բարեվարքության ստուգմանը, ինչը մենք անվանում ենք վեթինգ, դա պերմանենտ գործընթաց է, որը պետք է իրականացվի ընդհանրապես պետական ծառայության մեջ գտնվող բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովն, մյուս հինգին՝ խորհրդարանը։ Իշխանական «Իմ քայլի» թեկնածուն ամսվա սկզբում չընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում։ Խմբակցությունն այժմ նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է: Անուններ չհնչեցնելով՝ Մակունցն ասաց, որ մի քանիսին են դիտարկում, հնարավոր է հիմա առաջադրեն, ընտրեն արձակուրդից վերադառնալով՝ սեպտեմբերին։ Բայց մինչև աշուն հակված են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքել՝ լուծումներ առաջարկելով:
Չնայած խմբակցությունում Սահմանադրական ճգնաժամի մասին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի կարծիքը կիսողներ կան, սակայն ինքը՝ Մակունցը չի շտապում գնահատական տալ:
Նա ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը հստակ դիրքորոշում չունի, թե ինչպես պետք է հանգուցալուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված բանավեճը․ - «Լուծումների փնտրտուք ասելով նկատի ունենք, որ օրենքի շրջանակներում լինեն մեր բոլոր գործողությունները, և որևէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում հանդես գալ նաև օրենսդրական մեխանիզմների մշակմամբ կամ հստակեցմամբ: Եվ իհարկե, չեմ կարող չնշել այն մասին, որ մեզ համար կարևոր է նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում որևէ խնդրահարույց որոշումների չհանգել»: