Պուտինի և Զելենսկու միջև առաջին հեռախոսազրույցն է կայացել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Կիևի նախաձեռնությամբ երեկ երեկոյան կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև առաջին հեռախոսազրույցը: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Դոնբասում:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հեռախոսազրույցի հիմնական թեման Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցն էր:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման խնդիրները, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման աշխատանքների շարունակությունը, ինչպես նաև «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների շարունակման հնարավորությունը:

Սա Պուտինի և Զելենսկու առաջին շփումն էր:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահը մինչ օրս չի շնորհավորել Զելենսկուն Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ավելի վաղ Զելենսկին Ֆեյսբուքում տեսագրություն էր հրապարակել, որում Պուտինին բանակցելու կոչ էր անում, ընդ որում՝ առաջարկում էր Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ղեկավարների միջնորդությամբ ու մասնակցությամբ հանդիպել Մինսկում:

Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել էր, որ երբեք չի հրաժարվել որևէ ձևաչափով բանակցություններից, սակայն առաջարկել էր սպասել, մինչև Ուկրաինայում անցնեն խորհրդարանական ընտրությունները և ձևավորվի նոր կառավարություն:

Ընտրությունները Ուկրաինայում անցկացվելու են հուլիսի 21-ին, և Մոսկվան ակնկալում է, որ իր աջակցությունը վայելող «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը լուրջ ձայներ կստանա:

Ավելի վաղ Մոսկվայում Ուկրաինայի ընդդիմադիր այս կուսակցության առաջնորդներ Վիկտոր Մեդվեդչուկի և Յուրի Բոյկոյի հետ հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: