Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը չի պատրաստվում հեռանալ թատրոնի տարածքից

Օրեր առաջ դատարանը բավարարել է Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության:

Գայանե Կարապետյանը հայցադիմում էր ներկայացրել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

«800 հազար ի օգուտ ինձ, պլյուս 150 հազար ի օգուտ ինձ, պլյուս 135 հազար որպես փաստաբանի վճար: Սա կոնկրետ փաստերը ես Ձեզ ներկայացրել եմ: Շարունակելու դեպքում՝ ավելի շատ: Ես պիտի շարունակեմ ընդդեմ Նազենի Ղարիբյանի, որ կարող է շատ ավելի զրոներ ավելանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Դատարանը մերժել է միայն պաշտոնում վերականգնվելու հայցը, բայց նախկին տնօրենը թատրոնի տարածքից՝ Բայրոնի 5 հասցեից չէր էլ հեռացել․ - «Իմ պայմանագիրը կնքված է եղել մինչև դեկտեմբերի 28-ը: Այո, ծանուցվել է: Բայց չի ծանուցվել, որ չի շարունակվում իմ պայմանագիրը»:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի մասին շատերն իմացան, երբ տարեսկզբին այստեղ սկանդալ պայթեց. Մշակույթի նախարարությունում որոշեցին չերկարաձգել տնօրեն Գայանե Կարապետյանի հետ պայմանագիրը, և փոխնախարար Նազենի Ղարիբյանը փորձեց թատրոն մտնել, բայց քանի որ դուռը փակ էր, փրկարարների օգնությամբ այն բացեցին:

Գայանե Կարապետյանն ասում է՝ շենքը իրենցը չէր, այդ ինչպես մտան․ - «Մարդիկ եկել են, կոտրել են մի դուռ, որը իմ սեփականությունն է, իմ սեփական փողերով գնված դուռը»:

Մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին դատարանի որոշումը ապշեցրել է: «Գուցեև սա ակտ է նաև էլի հեղափոխության դեմ: Ինձ համար ուղղակի ապշեցուցիչ է այն, որ նախարարությունն է հանդես գալիս անհամաչափ օրինական գործողություն կատարող, այնինչ մյուս կողմում տարիներ շարունակ միայն անհամաչափ, անօրինական գործողություններ են»:

Նազենի Ղարիբյանը պնդում է, թե իր և մշակույթի այդ ժամանակ նախարար Լիլիթ Մակունցի որոշումներն օրինական են եղել․ որոշել են պայմանագրային հարաբերությունները տնօրենի հետ չշարունակել: Նա սակայն տարածքից չի հեռացել, կնիքը չի հանձնել․ - «Խնդիրն այն է, որ էդտեղ գործում էր թատրոնը, բայց հետո պարզվեց, որ էդտեղ պարզապես տիկին Կարապետյանը ապրում է յոթ տարի շարունակ: Իր ընտանիքով, իր ամուսնու հետ թե շների, չգիտեմ, բայց ինքը ապրում է էդ տարածքում»:

Գայանե Կարապետյանը չի հերքում՝ այո՛, ապրում է այդտեղ, այո՛, իր շան հետ․ - «Իմ շունը ինձ համար շատ թանկ է, քան լիքը չակերտավոր պաշտոնյաներ»:

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը պնդում է, թե այս տարածքում ամեն ինչ իր ձեռքով է նորոգել կարգի բերել: Հետո էլ որոշել են հսկել եղած-չեղածը, քանի որ թատրոնում պահակի հաստիք չկա․ - «Էստեղ կոնկրետ հսկել ենք, պահել-պահպանել ենք պետության գույքը, նորոգել ենք: Ինչպես նաև թատրոնի գույքը: Իսկ ի՞նչ է արել Նազենի Ղարիբյանը: Ես պահել-պահպանել եմ, շներն էլ՝ պահակի փոխարեն, համենայն դեպս, բյուջե չեն վատնել, վնաս չեն տվել բյուջեին, օգուտ են տվել պետությանը: Ի՞նչ է արել Նազենի Ղարիբյանը: 6 ամիս աշխատավարձ չի տվել աշխատողներին»:

Իսկ Նազենի Ղարիբյանը շարունակում է զարմանալ․ - «Ինքը պահակ էր աշխատում: Իսկ ինչո՞ւ չկա հաստիքով պահակ»:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնն այսօր խաղացանկային 10 ներկայացում ունի: Գայանե Կարապետյանն ասում է, որ խաղում են սահմանամերձ համայնքներում: Մշակույթի նախարարությունում, մինչև Կրթության նախարարության հետ միավորվելը որոշան նախագիծ էր մշակվել ու կառավարություն ուղարկվել՝ թատրոնի լուծարման ու Պարարվեստի ուսումնարանի մասնաճյուղ դառնալու մասին: Այդ նախագիծը այժմ կառավարությունից հետ է ուղարկվել:

Թատրոնի ճակատագրի մասին առայժմ որևէ հստակ ասելիք չունի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը․ - «Կարիք կա խորքային մասնագիտական և իրավաբանական ուսումնասիրության, գնահատականի: Ասեմ, որ բոլոր այդ հարցերը օրակարգում են, ընթացքում են: Եվ մինչև դրա արդյունքները չորոշակիանան, որևէ կոնկրետ բան ասել թատրոնի հեռանկարի վերաբերյալ դժվարանում եմ»:

«Ռեսուրս ես շատ ունեմ», - ասաց Կարապետյանը: - «Կփորձեմ նախարարությանը առաջարկեմ իմ հնարավորությունները: Ինչո՞վ ես կարող եմ նպաստել թատրոնը պահելուն, ինչո՞վ կարող է նախարարությունը նպաստել: Դեռ մենք չենք հանդիպել էս հարցը քննարկելու: Ես սպասում էի, որ դատական վեճը ավարտվի»:

Դատարանը, ճիշտ է, մերժել է Գայանե Կարապետյանի հայցը պաշտոնում վերականգնվելու մասով, բայց նախկին տնօրենը տարածքից չի հեռանալու: Նա թատրոնի երաժիշտն է քաղաքացիաիրավական պայմանագրով, որ կնքել է ինքն իր հետ: