Սևանի անսովոր գույնն ու հոտը նահանջում են

Armenia -- Lake Sevan. July, 2019

Սևանի որոշ հատվածներում ջուրը դեռ մուգ կանաչ է, մոտակայքում էլ գարշահոտություն, սակայն լճի անսովոր գույնն ու հոտը նահանջում են։

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը երեկ լճի տարբեր հատվածներից նմուշառում է կատարել և ասում է, որ կապտականաչ ջրիմուռները սկսել են քայքայվել։

«Կարող է ջրային շերտը մաքրվի ժամակի հետ, բայց ընդհանուր առմամբ այս պրոցեսը, որ պետք է քայքայվի ամբողջությամբ՝ ուտիլիզացիայի գնա, սա կտևի դեռ մոտ երկու շաբաթ», - ասաց Համբարյանը։

«Ջրիմուռների ծաղկումը կամ վերացումը տվյալ գործընթացը չի կասեցնում։ Այսինքն, այն խնդրները, այն երևույթները, որոնք հանգեցրել են այդ ջրիմուռների ծաղկման, սրանց մասին պետք է խոսել: Նախարարությունը խոշոր հաշվով ներկայացրեց որոշ խնդիրներ, թե ինչու է այդպես տեղի ունենում: Պարզապես նախարարությունը չտվեց լուծումներ, թե ինչ անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց , Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզված է, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին։ Բնապահպանը մեղադրում է Շրջակա միջավայրի նախարարությանը, պնդում է, թե քայլեր չեն իրականացվում այդ խնդրի լուծման համար։

Նրա խոսքով, Սևանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբևէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․ - «Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երևույթներին, այլև կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սևան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սևանա լճում, և պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»:

Բնապահպանը նկատում է, որ ձնկանգողությունը նույնպես անուշադրության է մատնվում պատկան մարմինների կողմից․ Սևանի սիգն անխոչընդոտ որսում են, հետո պահածոյացնում ու վաճառում խանութներում․ - «Ապշեցուցիչ է այն, որ ոչ մի պատկան մարմին չի փորձում արձագանքել: Սա բացահայտ կոռուպցիոն, որովհետև ոչ ոք չի հերքում, որ սիգի արդյունագործական որսը արգելված է, ոչ ոք չի հերքում, որ առանց ձկնապաշարի համապատասխան անասնաբուժասանիտարական փորձաքննության և այլն դրանք չէին կարող արտադրվել և վաճառքի հանվել: Բայց դրանք հանվում են վաճառքի»:

Մասնագետները նաև լիճ թափվող կեղտաջրերն են Սևանի այսօրվա վիճակի հետ կապում ու կենսաբանական մարքման կայանների անհրաժեշտություն տեսնում։

Ջրակենսաբան Լուսիեն Համբարյանի խոսքով. - «Կան հյուրանոցներ, համալիրներ, հանգստյան վայրեր: Ամբողջությամբ իրենց կոյուղին բացեիբաց լցվում է Սևանա լիճ: Եթե եկամուտ են ստանում, ինչո՞ւ չեն ստիպում, որ նրանք կոյուղին մաքրեն»:

Սևանի շրջակայքում գործող մի քանի հարյուրի հասնող օբյեկտներից ընդամենը 14-ն են կեսնաբանական մաքրող կայաններն տեղադրել։

Շրջակա միջավայր նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ խորհրդարանում ասաց, թե կառավարությանը Գավառ, Սևան, Վարդենիս քաղաքաքներից Սևան թափվող կողուղիների կենսաբանական մաքրման գնառաջարկներն է արել: Նախատեսում են կոյուղիները մաքրող կայաններով վերազինել:

Իսկ ափամերձ տարածքներում գործող հարյուրավոր ռեստորաններում, զվարճանքի վայրերում կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայաններ տեղադրելու մասին նախարարը չխոսեց։ Ի դեպ, դա հենց օրենքի պահանջն է։

Մինչ այդ, բնապահպանների մոտ հարցեր են առաջացել, որ դեռ պատասխան չունեն։

Արթուր Գրիգորյան․ - «Մինչև հիմա ինչու չի նորոգվել Արփա-Սևանը թունելը, ինչու իր ամբողջական թափով չի աշխատում: Գուցե ուշացման պատճառն այն է, որ Եղեգիսի կիրճում կառուցվել են բազմաթիվ ՀԷԿ-եր, որոնք չէին կարող պարզապես աշխատել Եղեգիս գետի ջրով, և հաշվարկը այն է, որ այն ջուրը, որ պետք է գնա Սևան, միանգամից բաց թողնեն Կեչուտի ջրամբարից դեպի Եղեգիս, որպեսզի այդ ՀԷԿ-երն աշխատեն»: