Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը կպակասի 150 հազարով. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

Արխիվային լուսանկար

Հայաստանի բնակչությունը առաջիկա 6 տարիներին կավելանա 15 հազարով, բայց մինչև 2050 թվականը մենք կպակասենք 150 հազարով. Հայաստանում ապրողների թիվը կդառնա 2 միլիոն 816 հազար մարդ։ Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի այսօր հրապարակած կանխատեսումն է։ Հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի խոսքով հիմնական պատճառը ծնելիության ցածր գործակիցն է ու արտագաղթը։

«Հիմնական պատճառը Հայաստանում ևս արտագաղթն է, որը որ կար այս անցյալ տարիների ընթացքում և շարունակելու է մնալ հիմնական պատճառը», - նշեց Հովաննիսյանը։

Հայաստանում այսօր ծնելիության գործակիցը 1,6 է, այն առաջիկա տարիներին, ըստ այս կանխատեսումների, մի փոքր կավելանա, բայց կմնա ցածր պարզ վերարտադրության շեմից՝ երկուսից: Հայաստանում արդեն կան մարզեր, որտեղ մահերն ավելի շատ են, քան ծնունդները։

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ասաց. «Անցյալ տարվա կտրվածքով Լոռին միակ մարզն էր, բայց եթե նայում ենք էս տարվա առաջին եռամսյակի տվյալները, ցավոք սրտի, արդեն էս տարի հինգ մարզում է գրանցվել բացասական բնական հավելաճ»։

Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր՝ այս մարզերում է բնական հավելաճը, այսինքն մահ և ծնունդ հարաբերակցությունը բացասական։ Հիմնադրամի ներկայացուցիչները, սակայն, շեշտում են՝ ողջ հանրապետությունում առայժմ միտումը բացասական չէ, և բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառը միգրացիան է։

«Եթե միգրացիայի գործոնը չլիներ, մենք դեռևս նույնիսկ ունենալով գործակից 1,6, ծնելիության գումարային գործակցի մասին է խոսքը, մենք չէինք նվազի դեռևս», - նշեց Աննա Հովհաննիսյանը։

Ժողովրդագրական անաբարենպաստ ցուցիչները լրացնում է ծերացումը։ Հայաստանը շարունակում է ծերանալ։ Ըստ ՄԱԿ-ի հիմնադրամի կանխատեսման, 2050 թվականին արդեն 5-ից մեկը կլինի 65 տարեկանից բարձր։ Սա, ըստ Աննա Հովհաննիսյանի, կբերի նոր խնդիրների։

«Լուրջ սոցիալական բեռ և՛ պետության, և՛ աշխատունակ տարիքի բնակչության վրա», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Կյանքի միջին տևողությունն ավելանում է և կավելանա, փորձագետները շեշտում են, առողջապահության զարգացմանը զուգահեռ՝ 2050-ին 80 տարին է սպասվելիք միջին տևողությունը, լավ նորությունը շրջանցում է տղամարդկանց։

«Տղամարդիկ ապրում են յոթ տարով ավելի պակաս, քան կանայք։ Բնակչության ծերացումը հատկապես մեծ ազդեցություն ունի տարեց կանանց վրա, որովհետև նրանք կյանքի իրենց տարեց շրջանում ապրում են միայնակ առանց ամուսինների», - ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգողը։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շեշտում է՝ այս կանխատեսումները տրամադրելու են կառավարությանը, համատեղ քննարկելու ժողովրդագրական վիճակի բարելավման քայլերը։

«Էնպիսի միջավայր պետք է ստեղծենք, որպեսզի, օրինակ, մեր երկրում մարդիկ ուզում են ավելի շատ թվով երեխաներ ունենալ, էնպիսի պայմաններ ստեղծել, որ երիտասարդներն իրենց ցանկալի թվով երեխաներ կարողանան ունենալ», - նշեց Ծովինար Հարությունյանը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանն ասում է՝ խնդիրները ավելի շատ գյուղական համայնքներում են։ - «Նախորդ 27 տարիներին կուտակված խնդիրները, որ եղել են, ավելի շատ այսօր վնաս են հասցրել գյուղական միջավայրին, որովհետև մենք ունենք այսպիսի իրավիճակ, երբ գյուղական բնակավայրում ծնելիության գումարային գործակիցը, այսինքն մեկ կնոջ հաշվով ծնվող երեխայի թվաքանակը ավելի քիչ է, քան քաղաքային բնակավայրերում», - ասաց Մարկոսյանը։

Այժմ սոցապում մի քանի ծրագրեր են քննարկում, որոնց թիրախում երիտասարդ ընտանիքներն են։ Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Կենտրոնական Բանկի հետ քննարկում են երիտասարդներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի բաղադրիչներն ավելի բարենպաստ դարձնելու հարցը:

«Կանխավճարի օգնության, միանվագ օգնության տեսքով, երիտասարդ ընտանիքներին, որոնք ունեն, ասենք, երեք երեխա, ըստ, ասենք, երեխաների թվից կախված, այդ օգնության չափը տարբեր կլինի», - նշեց Մարկոսյանը։

Ծնելիության խթանմանն ուղղված մի քանի առաջարկներ էլ ունեն՝ ծննդյան միանվագ նպաստի չափերը ավելացնել և երեխայի խնամքի նպաստը նախատեսել նաև չաշխատող մայրերի համար։ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ բոլոր առաջարկներ աշնանը կուղարկեն վարչապետի աշխատակազմ։ Կա նաև ցածր տոկոսադրույքով գյուղական բնակավայրերում ապրող երիտասարդներին աջակցելու ծրագիր, որպեսզի նրանք կարողանան գյուղում որևէ գործ սկսել։

«Եթե երիտասարդն ունենա կայուն եկամուտ գյուղական բնակավայրերում, ինքը կմտածի համենայն դեպս մեկնելուց առաջ», - ընդգծեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության վարչության պետի պաշտոնակատարը։

Ժողովրդագրության բաժնի պետը շեշտում է՝ եթե նույնիսկ երկրից արտագաղթը զրոյանա, ներքին միգրացիան դատարկում է գյուղերը։ Այժմ հետազոտում են Լոռու մարզը. Մղարթում, օրինակ, ոչ մի աղջիկ չի մնացել, որ կարող է հարսնացու դառնալ գյուղից չհեռացած երիտասարդի համար։