Վրաստանցի ևս մեկ մեծահարուստ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում

Վրաստան - Մամուկա Խազարաձեն զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Վրաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` երկրի խոշորագույն TBC բանկի հիմնադիր և Անակլիայի նավահանգստի շինարարությունն իրականացնող կոնսորցիումի ղեկավար Մամուկա Խազարաձեն հայտարարում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին: Այս մասին Խազարաձեն գրել է երեքշաբթի օրը Ֆեյսբուքի իր էջում` պնդելով, որ այդ քայլով պատրաստվում է նպաստել երկրում գործող արևմտամետ ուժերի միավորմանը:

«Հարկավոր է հանրությանն ակտիվորեն ներգրավել երկրում ծավալված գործընթացներում, այդ իսկ պատճառով նպատակահարմար եմ գտնում հանրային շարժում ստեղծել: Առաջիկա սեպտեմբերին ես իմ ընկերների և համախոհների, ինչպես նաև տարբեր ոլորտներում աշխատող պրոֆեսիոնալների հետ կստեղծենք այդ նոր շարժումը», - նշում էր Խազարաձեն` հավելելով, որ իր նպատակը «առողջ, առաջադեմ արևմտամետ հանրության միավորումն է»:

Նշենք, ի դեպ, որ Խազարաձեն քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարեց Վրաստանի գործող իշխանությունների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:

2018 թվականի վերջին Վրաստանի իշխանությունների ճնշման ներքո Խազարաձեն ստիպված էր լքել TBC բանկի ղեկավարի պաշտոնը: Այդ բանկը Մամուկա Խազարաձեն հիմնել էր 1992 թվականին` 20 տարում դրա շուկայական արժեքը 500 դոլարից հասցնելով 2 միլիարդի:

Վրաստանի ընդդիմադիր դաշտում գործարարի քաղաքական հավակնություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատում, չբացառելով, որ նա կարող է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունից դժգոհ ուժերի և գործիչների համար յուրատեսակ միավորող գործոն դառնալ:

«Ես վստահ եմ, որ «Եվրոպական Վրաստան»-ի և «Ազատ դեմոկրատներ»-ի թիմն է լինելու այն ուժը, որ կնպաստի Վրաստանի վերածննդին Իվանիշվիլիի խաղաղ հեռացումից հետո: Այդ հիմնարար արժեքները կիսող բոլոր ուժերին ու գործիչներին մենք որպես հավանական գործընկերներ ենք դիտարկում», - հայտարարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան` պատասխանելով Խազարաձեի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Ռոման Գոցիրիձեն էլ վստահ է` Մամուկա Խազարաձեն ազնիվ մտադրություններով է քաղաքականություն մուտք գործում:

«Ես հասկանում եմ, որ նա անձնապես խիստ վիրավորված է Ւվանիշվիլիից: Դրա հետ մեկտեղ, ես չեմ կարծում, որ նրա քայլերի շարժիչ ուժը բացառապես վրեժխնդրությունն է: Հուսով եմ, որ Մամուկա Խազարաձեն կնպաստի Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը», - հայտարարում էր Գոցիրիձեն:

Մամուկա Խազարաձեն առաջին խոշոր գործարարը չէ, որ մուտք է գործում Վրաստանի ներքաղաքական դաշտ: Առաջինը 2007-ին այդ քայլին դիմեց Բադրի Պատարկացիշվիլին: 2008-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում նա ստացավ քվեների մոտ 7 տոկոսը` ավելի քան 140 հազար ձայն: 2008-ի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ անց Պատարկացիշվիլին մահացավ, պաշտոնական վարկածի համաձայն՝ սրտի կաթվածից:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ավելի հաջողակ էր: Քաղաքականություն մուտք գործելու մասին նա հայտարարեց 2011-ի աշնանը: Մեկ տարի անց նրա ստեղծած «Վրացական երազանք» դաշինքը հաղթեց երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում, իսկ Իվանիշվիլին դարձավ երկրի 10-րդ վարչապետը: