Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։
Ըստ հաղորդագրության, սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։
«Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունը նաև նշում է, որ կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ «Արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»։