Հայաստանի խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համաձայն չեն քաղաքական ուժերի վարկանիշի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հրապարակած հարցման արդյունքների հետ:
Ըստ այդ հարցումների, որոնք անցկացվել են մայիսին, եթե տեղի ունենա խորհրդարանական ընտրություններ, ապա իշխանական «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 12 տոկոսը: 5 տոկոսով 3-րդ տեղում նախկին իշխող ուժն է՝ Հանրապետականը: Խորհրդարանական 3-րդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» դուրս է մնացել եռյակից:
Մինչդեռ քաղաքական ուժերը այնքան էլ համաձայն չեն այս արդյունքների հետ: Իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վստահ է, որ իրենց վարկանիշը 69 տոկոսից էլ բարձր է:
Հիշեցնենք, «Իմ քայլը» 2018-ի դեկետմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ստացել էր ընտրողների 70 տոկոսի քվեն, և փաստորեն, ըստ այս հարցումների, իշխող ուժի վարկանիշը 11 տոկոսով նվազել է:
«Էս թվերը ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում ծավալված էդ արշավը, որ անկում է ապրում իշխանության հեղինակությունը, վարչապետի ռեյտինգը անկում է ապրում և այլն, էս ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի: Այդ 59 տոկոսը որոշակի շրջանակի հարցումներ են: Այսինքն, մենք կոնկրետ թիվ կունենանք, եթե լինի ընտրություններ: Ես կարծում եմ, էն պնդումները, որ եթե հիմա լինեին ընտրությունները ավելի շատ ձայն կստանայինք մենք, բացառված չի»:
Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում նույնպես համաձայն չեն հրապարակված հարցումների հետ: Ավելին, խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կասկածի տակ է դնում հարցումների արժանահավատությունը՝ պնդելով, որ ԲՀԿ-ի վարկանիշը ոչ թե 12 տոկոս է, ինչպես նշել է Միջազգային հանրապետական ինստիտուտը, այլ շատ ավելի բարձր է: Հիշեցնենք, ԲՀԿ-ն նախորդ ընտրություններում ստացել էր ընտրողների 8 տոկոսի քվեն, ուստի այս նոր հարցումների համաձայն կուսակցության վարկանիշը աճել է:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ այսօր «Բարգավաճ Հայաստանի» հանրային վարկանիշը շատ ավելին է, Գելափ ինտերնեյշնլի ներկայացրած 12 տոկոսը: Որովհետև ինձ համար ամենամեծ սոցհարցումը մեր շրջայցերն են մարզեր, համայնքներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:
Խորհրդարանական 3-րդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», որն անցած տարի տեղի ունեցած ընտրություններում ստացել էր 6 տոկոս ձայն, ըստ հարցումների, այժմ կստանար 4 տոկոս, այսինքն 3-րդ ուժի վարկանիշը նվազել է։
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թեև նշում է, որ հարցումները ռեալ ընտրությունների արդյունքներից տարբերվում են, սակայն ընդունում է, որ իրենց կուսակցության վարկանիշն ընկել է, և դրա պատաճառը «Լուսավոր Հայաստանի» դեմ իրականացվող հակաքարոզչությունն է:
«Ես կարծում եմ, որ կուսակցության ռեյտինգը տուժել է ընտրություններից հետո այլանդակ հակաքարոզչության արդյունքում, որն իրականացվել է: Մի կողմից դա է եղել մեր հետ կապված: Տեսեք, «Լուսավոր Հայաստանը» էսօր ամենափոքր ռեսուրսներ ունեցող քաղաքական միավորն է էդ թվարկվածների մեջ: Իշխանություն, հետո գալիս ա «Բարգավաճ Հայաստան», հետո գալիս Հանրապետականը էդ շարքի մեջ, հետո Դաշնակցությունը, հետո մենք: Էդ բոլոր թվարկածները ունեն հեռուստաընկերություն, մեդիաներ, բոլոր թվարկածները ունեն ռեսուրսներ: Եվ «Լուսավոր Հայաստանն» էս ցանկի մեջ ամենաքիչ ռեսուրս ունեցող, կամ չունեցող ուժն ա, ռեսուրս չունի Նաև մենք ամենավատ իրավիճակում ենք գտնվում: Ընտրությունների ժամանակ էլ էինք ամենավատ իրավիճակում: Որովհետև մենք ամենաշատ ասոցացված ուժն ենք իշխանության հետ: Այսինքն դու ամենաշատ ասոցացվածն ես, բայց դու իշխանության մեջ չես, դու ընդդիմություն ես: Հասկացվածության խնդիր կա»:
Հարցին, թե հնարավոր է, որ ստացվի այնպես, որ ՀՀԿ-ն ավելի ընդդիմադիր է, քան դուք, Մարուքյանն արձագանքեց․ - «Եթե ընդդիմադիր մենք հասկանում ենք նախորդ քաղաքական մշակույթը, որ պետք է, ասենք, ամեն ինչ հարամ անել, որ պետք է, ասենք, հայհոյել իշխանությանը, միգուցե այո։ Նոր քաղաքական մշակույթի առումով՝ ոչ: Որովհետև էն, ինչ որ մենք ստեղ առաջարկում ենք, էն, ինչի մասին մեր վեճն ա, ՀՀԿ-ն էնտեղ չկա, որովհետև էդ վեճի մեջ իրա պրոբլեմներն ա: Օրինակ, մեր վեճը նրա մասին ա, որ կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական դառնա: ՀՀԿ-ն չի կարա դա Նիկոլից պահանջի, որովհետև ինքն ա ապականել: Մենք էս առումով համարվում ենք մաքուր ուժ»:
Անդրադառնալով 2023-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շեշտեց, թե հաջորդ խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն կազմելու հնարավորություն չի ունենալու, այդ թվում նաև 70 տոկոս քվեով այսօր խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը»: