Հայաստանը հայտարարում է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին

Պաշտոնական Երևանը հայտարարում է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին:

Այսօր Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվեց Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը, և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը»:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հետ այսօր առավոտյան Կառավարության շենքում Հայաստանի վարչապետը բանակցեց մոտ մեկ ժամ:

​«Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար: Իմ այցելությունը ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի ու տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա մեր քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրամիությունը կշարունակի տրամադրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման համար», - ասաց Տուսկը:

Փաշինյանի խոսքով, բանակցությունների ընթացքում ինքը վերահաստատել է օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը, ինչպես նաև խոսել է անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ գործադրած ջանքերի մասին՝ այս հարցում մեծապես կարևորելով Եվրամիության աջակցությունը․ - «Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ»:

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին հաստատել է Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մինչև այդ մեկ տարի գործում էր պայմանագրի ժամանակավոր կիրառումը:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018-ին Եվրամիության հետ առևտուրը կազմել է մեկ միլիարդ 830 միլիոն դոլար, ինչը 19 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ: Հայաստանի ողջ արտաքին առևտրում Եվրամիության բաժինը անցած տարի կազմել է 24,8 տոկոս, և այդ ցուցանիշով Եվրամիությանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ԵԱՏՄ-ից հետո:

«Ճանաչելով բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է 2019 թվականի համար նախատեսված մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը՝ ներառյալ կառուցվածքային և բնապահպանական», - նշեց Տուսկը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից այսօր «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այս տարի Բրյուսելի աջակցությունը Երևանին կազմելու է 65 միլիոն եվրո: Նախորդ տարի այդ թիվը եղել է 46 միլիոն, իսկ 2017-ին՝ 34,5 միլիոն եվրո:

Տուսկի խոսքով, Հայաստանի վարչապետի հետ միակարծիք են օրենքի գերակայության, կոռուպցյյաի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում․ - «Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու ջանքերը: Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության և տնտեսական ու սոցիալական զարգացման համար: Այս ուղղությամբ ևս Եվրամիությունը շարունակելու է ցուցաբերել փորձագիտական աջակցություն և հատկացնել լրացուցիչ միջոցներ»:

Դոնալդ Տուսկը Երևան է ժամանել Բաքվից, ուր խոսելով ղարաբաղյան խնդրի մասին հայտարարել էր․ - «Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Հայաստանում Տուսկի արած հայտարարությունը այլ էր․ - «Եվրամիությունը քաջալերված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այս տարվա զարգացումների դինամիակայով և հանձնառությամբ՝ նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության և կենտրոնանալ մարդասիրական հարցերի ուղղությամբ: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և լարվածություն հրահրող հայտարարությունների հետ: Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու խաղաղության համար նպաստավոր միջավայրը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ պետք է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջապես աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ գտնելու արդար ու երկարատև լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Եվրամիություն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել՝ նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության»: