Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենում էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է

Արխիվային լուսանկար

Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է, ֆեյսուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ վկայակոչելով Երևանի մետրոպոլիտենը։

«Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը», - գրել է Կարապետյանը՝ հավելելով. - «Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով հոսանքազրկման պատճառներին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ էներգետիկ համակարգում կա վթար. Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։

«Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - գրել է փոխվարչապետը։