Ռուբինյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, այսօր միավորված են

Ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ այլ՝ իր չնստելով։

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Ռուբինյանն ընդգծեց՝ Քոչարյանը քաղաքական ճնշումներով փորձում է իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ և այդպիսով չնսել։

«Ռոբերտ Քոչարյանը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ զբաղվում է իր չնստելով։ Այսինքն՝ եկեք տարբերակենք՝ Ռոբերտ Քոչարյանը չի զբաղվում քաղաքականությամբ, իր ամբողջ գործունեությունը նվիրված է իր չնստելուն, ընդ որում այդ գործունեությունը ոչ թե նվիրված է դատական առումով իր անմեղությունն ապացուցելուն, այլ նա փորձում է ստեղծել ֆոն, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, նա փորձում է գնելով տարբեր տարատեսակ և միջնորդավորված ԶԼՄ-ներ, ենթադրաբար ոչ այնքան ազնիվ մեթոդներով հավաքագրելով մարդկանց՝ ակտիվիստների, որոնք իր համար աշխատում են, քաղաքական ճնշումներով փորձում է իրեն ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ և այդպիսով չնստել», - ասաց Ռուբինյանը։

Հարցին, թե իշխանությունն այսօր քաղաքական ճնշում զգո՞ւմ է Քոչարյանի կողմից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ո՛չ, ամենևին, ես նկատի ունեմ, որ նա փորձում է իր ԶԼՄ-ները, իր ակտիվիստներին օգտագործելով՝ ստեղծել քաղաքականությամբ զբաղվելու ֆոն, այդ համատեքստում ներկայացնել, որ իր հանդեպ տեղի են ունենում քաղաքական ճնշումներ, սակայն ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, որոնք չգիտեն, թե ով է եղել Ռոբերտ Քոչարյանը, թե ով է Ռոբերտ Քոչարյանը։ Տեսել եմ, թե ինչի է ունակ Ռոբերտ Քոչարյանը և, բնականաբար, իհարկե կցանկանար վերադառնալ իշխանության ինչպես և Սերժ Սարգսյանը կցանկանար վերադառնալ իշխանության, ինչպես և իրենց կողմից ստեղծած ամբողջ այդ կոռուպցիոն համակարգը, սակայն Հայաստանում ժողովրդավարությունը կատարված փաստ է, Հայաստանում ժողովրդավարացման գործընթացն անկասելի է»։

Մեկ այլ հարցի, թե այդ դեպքում ինչո՞ւ այս ուժերը՝ նախկին իշխանությունները՝ Հանրապետականը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅ Դաշնակցությունը չեն միավորվում, Ռուբինյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ՝ նրանք, ըստ էության, միավորված են։ Ի՞նչն ենք անվանում միավորում, ֆորմալ միավորո՞ւմը, ես չեմ կարծում, որ միավորումը ֆորմալն է, փաստ է, որ նրանք բոլորով խաղում են, այսպես ասած, նույն դաշտում և բոլորով նուն տրամաբանության և նույն դիսկուրսի մեջ են։ Ի դեպ, ես նույնիսկ դրան դեմ չեմ, թող միավորվեն և թող ամբողջ հետադիմական համակարգը մեկտեղվի մի տեղ և շատ ավելի պարզ կլինի թե ով-ով է Հայաստանի քաղաքական դաշտում»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.