Վարչապետի աշխատակազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչի գրասենյակ կստեղծվի: Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկեց և 61 կողմ, 20 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի հաստիքով վարչական պաշտոն և վերջինիս աջակցող գրասենյակ:
Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը պարզաբանում է՝ տարիներ շարունակ ՄԻԵԴ լիազոր ներկայացուցիչը համատեղության կարգով է պաշտոնավարել, իսկ հիմա եվրոպական դատարանը արագացրել է կոմունիկացիան Հայաստանի կառավարության հետ և նրան աջակցող գրասենյակի անհրաժեշտություն է ստեղծվել։
«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի համար սահմանված պահանջների մասում փնտրել ու չի գտել փորձի հետ կապված որևէ հիշատակում։
Արդեն ելույթների ժամանակ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ բնական է, որ ՄԻԵԴ ներկայացուցիչը պետք է տիրապետի օտար լեզուներին, բայց դա բավարար չէ։
«Բայց մարդը կարող է, մինչև 25 տարեկան, իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ՝ չունենալով որևէ փորձառություն։ Ցավոք սրտի, բազմաթիվ այդպիսի դեպքեր տեսել ենք, կասենք, որ ասենք, կներեք, պամպերսի առաքիչը կարող է բավականին լուրջ պաշտոն զբաղեցնի», - նշեց Զոհրաբյանը։
Գործընկերոջ քննադատությունը շարունակեց Գևորգ Պետրոսյանը, պնդեց՝ նման նախագծով իրավագիտության ֆակուլտետը միջին առաջադիմությամբ ավարտած ցանկացած ուսանող կարող է հավակնել այդ պաշտոնին։
«Հարգելի պարոն փոխնախարար, Դուք ասում եք՝ «դե ենթադրվում է, որ վարչապետը էդպիսի նշանակման չի գնա», էստեղ վերանանք վարչապետը ով է, անձերից վերանանք։ Հիմա կարող է էս վարչապետը չգնա մի ուրիշ վարչապետ գնա», - ընդգծեց Պետրոսյանը։
Ինչո՞ւ կառույցն առանձնացնել Արդարադատության նախարարությունից և կցել վարչապետին, երբ ամբողջ աշխարհն է հակառակ տրամաբանությամբ շարժվում, իր ելույթում նման շեշտադրում արեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Տարոն Սիմոնյանը։
«Էս միտումը եթե շարունակվի, վաղ թե ուշ կարող են նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հանենք վարչապետին կից դարձնենք, քրեակատարողական հիմնարկները հանենք վարչապետին կից դարձնենք և այսպես շարունակ։ Ամբողջ կառավարման համակարգային կառուցվածքային իմաստով մենք խնդիր կունենանք», - նշեց Սիմոնյանը։
Պետության բյուջեն ավելորդ հաստիքներով ու ծախսերով այս նախագծի արդյունքում չի ծանրաբեռնվի, Արդարադատության նախարարությունում եղած հաստիքներն էլ ուղղակի կտեղափոխվեն։ Իսկ մոտ 500 հազար դրամ աշխատավարձը բավարա՞ր է այդ աշխատանքը կատարելու համար․ պատգամավորներից մեկի բարձրաձայնած հարցին փոխնախարարը արրագանքեց՝ իր սուբյեկտիվ կարծքով՝ ոչ, բայց ի՞նչ արած։