Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով․ Մհեր Գրիգորյան

Հայաստանը Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ազատություն». – Հիմնական հարցը, որը միշտ հետաքրքրում է Հայաստանի հանրությանը, քաղաքագետներին, բիզնես շրջանակներին իրանական գազի հարցն է։ Օրերս Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը, ում հետ Դուք հանդիպեցիք, իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է աճել, ներկայում բազմակողմանի բանակցություններ են ընթանում «սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքում սկսելու համար», մի փոքր մանրամասնեք, Հայաստանը արդեն պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերել Իրանի հետ, որ «դուք մեզ գազ կտաք սպառման համար, մենք ինչ-որ ապրանքներով կվճարենք դրա դիմաց»։

Մհեր Գրիգորյան. - Ես, այս պահի դրությամբ այն, ինչ որ քննարկել ենք, չէի անվանի պայմանավորվածություն, որովհետև, այնուամենայնիվ, մեր պայմանավորվածությունները դեռևս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է։ Նաև, իհարկե, քննարկվել է նման հարց, և էս հատվածով բանակցությունները կշարունակվեն։ Մոտ ժամանակներում սպասում ենք իրանական կողմից այցելելու է մասնագետների խումբ, այս հարցի քննարկումը կարծում եմ՝ կշարունակվի։ Էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայինացված որևիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչ օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետև ինքնին ինքը բավականին հետաքրքիր թեմա է, որը կարծում եմ՝ կունենա բանակցային զարգացումներ։

«Ազատություն». – Ճի՞շտ եմ հասկանում, որ բացվել է Իրանից սպառման համար գազ ձեռք բերելու և դրա դիմաց ապրանքներով վճարելու, փոխհատուցելու թեման։

Գրիգորյան. - Մոտավորապես, այո, բայց, իհարկե, այդ իմաստով էստեղ մեզ անհրաժեշտ է նաև գնահատել մեր պոտենցիալը էլեկտրաէներգիայի։ Մեր համար, իհարկե, ամենացանկալի տարբերակը մաքսիմալ ներմուծված գազի դիմաց արտահանել էլեկտրաէներգիա, որովհետև մեր հզորությունների և պայմանավորվածության բալանսը թույլ է տալիս դրա արդյունքում տարիֆների վրա դրական ազդեցություն ունենալ։

«Ազատություն». – Գազի գինը հնարավո՞ր է իջնի։

Գրիգորյան. - Իհարկե, որովհետև, եթե զգում եք, խոսքը վերաբերում է նրան, որ համախառն էներգետիկ համակարգում է էֆեկտ ստացվում, և անկախ գազի գնից այդ էֆեկտը տարածվում է բոլոր սակագների վրա։

«Ազատություն». – Մենք կարո՞ղ ենք ասել, որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանը սպառման համար Իրանից գազ կներմուծի և որևէ ապրանքով՝ էլեկտրաէներգիա կամ այլ ապարանքներով կվճարի դրա դիմաց։

Գրիգորյան. - Ես նորից եմ ասում՝ իհարկե էս պահի դրությամբ առավել մշակված իրավիճակը, որ կարող ենք ասել, այո, դա վերաբերում է գազ և դրա դիմաց էլէկտրաէներգիա։ Մնացած հնարավոր բաղադրիչները դեռևս քննարկման փուլում են և բանակցման առարկա կդառնան, բայց էս պահին ավելի կոնկրետ տեղեկատվություն այդ մասին չեմ կարող տրամադրել։

«Ազատություն». – Դուք ասացիք, որ նոր են բացվել այդ բանակցությունները, նախկինում չեն եղե՞լ։

Գրիգորյան. - Ես չունեմ տեղեկություններ, որ նախկինում նման ֆորմուլա է բանակցվել։