Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, այսօր հյուրընկալել է դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը:
Ըստ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն, հանդիպմանը ներկայացվել են դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը։
Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձել են լուծում պահանջվող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը:
Արձանագրվել է, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը:
Կարևորվել է ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը ԲԴԽ-ին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Շեշտվել է, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ:
Հանդիպմանն անդարադարձ է եղել նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի:
ԵԽ, ԵՄ փորձագիտական խմբի անդամներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում: